Ինչ է հասցրել ռուսական Կարմիր Խաչը ԼՂ. տեղեկատվական շտաբը մանրամասնում է

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՌԴ-ի կողմից տրամադրված հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել ԼՂ՝ Ասկերան քաղաքով:

Այս մասին հայտնում է ԼՂ տեղեկատվական շտաբը:

Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Քիչ առաջ հայտնել էինք, որ Ռուսական Կարմիր խաչի բեռնատարն Ակնայով (Աղդամ) հասել էր Ստեփանակերտ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական Կարմիր խաչն Ակնայի (Աղդամ) ճանապարհով հումանիտար օգնությամբ բեռնատար է ուղարկել ԼՂ:

ԼՂ իշխանությունները հայտարարություն էին տարածել այն մասին, որ, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը ԼՂ: Սակայն Ադրբեջանը հետո խախտել է պայմանավորվածությունը, այն է, որ պետք է Լաչինի միջանցքը ևս գործարկվի, և ԼՂ ղեկավարությունը թույլ չի տվել, որ ՌԴ-ի ուղարկած բեռը մտնի ԼՂ:

ԼՂ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը երեկ «Ֆեսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր, որ Աղդամով, որպես հումանիտար բեռ, ՌԴ-ն վերմակներ է ուղարկում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում