«Հրապարակ»․ Մնա՞լ, թե՞ հեռանալ Արցախից. սա է գլխավոր հարցը

«Արցախում հումանիտար ճգնաժամ է» արտահայտությունը, որն անցյալ տարվա դեկտեմբերից բազմիցս ենք լսել, այլեւս չի համապատասխանում հայկական երկրորդ հանրապետությունում ծավալվող մեծ աղետի մասշտաբին։ Ստեփանակերտում գտնվող տարհանված, առանց սննդի մնացած արցախցիների համար Թումանյան 36 հասցեում 13:00-16:00-ն գործում է բարեգործական ճաշարան։ Սա երեկ Ստեփանակերտից Երեւան հասած լուրերից թերեւս ամենալավատեսականն է։  

Այս ճաշարանում սնվում են դպրոցում ծվարած տեղահանվածները։ Շատերը քնում են դպրոցների մարզադահլիճներում` գետնին, օդանավակայանին հարող փողոցներում։ Մարդիկ իջնում են նկուղներ ոչ թե այն պատճառով, որ ռմբակոծում են, այլ որովհետեւ գյուղերից եկած հազարավոր տեղահանվածները մնալու տեղ չունեն, իսկ նկուղում ու ռմբապաստարանում գոնե տանիքի տակ են։ 

Փակ խմբերում արցախցիների գրառումները ցույց են տալիս, թե ինչ մղձավանջ է տիրում այնտեղ։ Մարդիկ հիմնականում տեղեկություններ են փնտրում կորած հարազատների մասին՝ Ավդուռ, Միրուշեն, Հերհեր, Սոս, Վարանդա, Թաղավարդ, այլ գյուղերից։ Հայաստանցիները, որոնք Արցախում ընկերներ ունեն, համացանցում հանդես են գալիս հումանիտար միջանցք բացելու կոչերով, նրանց արձագանքում են։ «Ես Այգեձորից Լաչին կհասնեմ, եթե հումանիտար միջանցք բացելու հարցը դրվի»,- նշում է տավուշեցի Արեւ Մելքումյանը։ Լուրեր կան, որ Ստեփանակերտի բնակիչներին առաջարկվել է հումանիտար միջանցք բացել կանանց ու երեխաների համար, սակայն նրանք հրաժարվում են, ցանկանում են մնալ իրենց տղամարդկանց կողքին, որոնք կանգնած են գերության, բանտարկության վտանգի առաջ։ 

«19.09.2023-ին Սառնաղբյուր գյուղում հրետակոծության ժամանակ անհետացել է 2015 թ․ ծնված Ղազարյան Նվերը։ Նույն ժամին հրետակոծության ժամանակ զոհվել է երեխայի եղբայրը՝ 2013 թ․ ծնված Ղազարյան Միքայելը, որի մարմինը դեռ գյուղից դուրս չի բերվել»,- հայտարարությունը երեկ տարածում էին՝ հույսով, որ որեւէ լուր կունենան անհետացած տղայի մասին։ 

Հադրութցի Սաիդա Պողոսյանն ասում է՝ Ղազարյաններն իր բարեկամներն են։ «Երեխաներին գտել են մահացած։ Մեկը կորած է։ Արկն ընկել է, ու չեն կարողացել դիերը հանել։ Մյուս վայրագությունների մասին մենք տեղյակ չենք, կարծում եմ՝ փաստահավաք խմբերը պետք է լավ աշխատեն, որ կարողանան փաստեր արձանագրել ու միջազգային հարթակներում բարձրաձայնել։ Չնայած, ինչքան էլ փաստեր ունենք, մինչեւ լավ կառավարություն չունենանք, բան չի ստացվի»։ 

Նա չի հավատում պաշտոնական հավաստիացումներին, որ կոտորածի, վայրագությունների մասին լուրերը կեղծ են։ Համոզված է՝ այդ տեսանյութերը հավաքվում են մի տեղ ու հատուկ չեն հրապարակվում։ 
Չի կարելի ասել, որ նրանք, ովքեր ուզում են դուրս գալ, դավաճան են

Սաիդան 4 երեխա ունի, բազմազավակ ընտանիքից է։ Հայրը՝ Կամո Պողոսյանը, ամուսինը պատերազմի մասնակիցներ են։ 44-օրյայի հենց հաջորդ օրը նա ընկերների հետ սկսել է օգնել երեխաներով ընտանիքներին՝ դուրս գալ այն գյուղերից, որտեղ ոչ ոք չի այցելում: Այսօր՝ երեք տարի անց, ընկերներով օգնում են՝ սնունդ եւ այլ պարագաներ ուղարկել Արցախ, հիվանդներին տարհանել եւ այլն։ Մանրամասներ չեն հայտնում՝ վախենալով, որ «կվառեն» իրենց կապերն ամենատարբեր մարմիններում, ու մարդիկ կվախենան իրենց օգնել։ Այս խմբում է Սոֆյա Հովսեփյանը, ով Արցախի զարգացման հիմնադրամում էր աշխատում, բայց հիմա Երեւանում է, Նաիրի Հոխիկյանը, այլք։ Խումբը չունի անվանում, զուտ կամավոր աշխատանք են կատարում` ըստ կարիքների։ 

«Շատ բան չենք կարող բարձրաձայնել։ 280 օր, ինչ Արցախը շրջափակման մեջ է, օր չի եղել, որ ես՝ որպես խմբի համակարգող, մեքենա չուղարկեմ Արցախ։ Սերմեր ենք գնել, ուղարկել, մոտոբլոկներ։ Լիարժեք շրջափակման օրերին մանկական կերեր ենք ուղարկել եւ դեղորայք, բայց շատ բան նշել չեմ կարող, լուռ եմ սիրում աշխատել։ Իմ հարազատները՝ բոլորը բժիշկներ են։ Գնացել են այնտեղ աշխատելու։ Հիմա նրանք՝ բոլորը, չեն կարողանում դուրս գալ։ Ասում են՝ գոնե երեխաներին բերեք։ Ու չի կարելի ասել, որ նրանք, ովքեր ուզում են դուրս գալ, դավաճան են։ Դավաճանը մենք ենք, որ այս ծաղրածուի թրի տակով անցանք ու այդ մարդկանց  դավաճանեցինք»,- ասում է Սաիդան։ Դեռ 30 տարի առաջ, նրա համոզմամբ, պարզ էր արդեն, որ թուրքերի հետ ապրել հնարավոր չէ։ «Ապրում էինք, բայց դա ապրել չէ։ Դու չունես քո զինանշանը, չունես լեզուդ տիրապետելու հնարավորություն, երեխայիդ քո ուզածով մեծացնելու հնարավորություն։ Այս պայմաններն ընդունելի չեն։ Գոյություն են քարշ տալու ընդամենը, որը կյանք չէ։ Մնա՞լ, թե՞ հեռանալ Արցախից՝ սա է հարցը»։ Հնարավո՞ր է, որ մնան, ի՞նչ տրամադրություն է գերիշխում Արցախում։ 
«Իհարկե, կլինի մի քանակ, որը կմնա, քանի որ այնտեղ ունեն գերեզմաններ, քանի որ կան մարդիկ, որոնց անցակետից անցնելուց կբռնեն։ Բայց ով փոքր երեխա ունի, այն, ինչի միջով անցել է այս երեք-չորս օրվա ընթացքում, էլ չի ցանկանա։ Եթե ինձ ուղարկած ձայնագրությունները լսեք, բոլորն էլ խնդրում են, որ իրենց այստեղից հանենք։ Ամեն դեպքում, հումանիտար միջանցքը պետք է տրվի։ Հիմա ուսանողով, դպրոցականներով, ճամփա փակելով հուսահատ պայքարում ենք, որ գոնե հումանիտար միջանցք բացեն»։  

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում երեկ հայտարարեց, որ Հայաստան կտեղափոխեն մարդկանց, եթե պարզվի, որ իրավիճակն այնպիսին է, որ անհնար է մնալ այնտեղ։ Այս պահին ինչպիսի՞ն է իրավիճակը, Ձեր տպավորությամբ, դեռ հնարավո՞ր է մնալ Արցախում՝ հարցրինք նրան։ «Դուք, չգիտեմ, այնտեղի պայմանները պատկերացնո՞ւմ եք։ Մեկ գիշերվա ընթացքում 4 նկուղներում երեխաներ կան վատառողջ, որոնց չեն կարողանում բուժօգնություն ցուցաբերել։ Արցախի հիվանդանոցը թուրքերի նշանառության տակ է։ Իրենց համար խնդիր չէ, 10 րոպեում կարող են Ստեփանակերտը հողին հավասարեցնել։ Մի ամբողջ գենոֆոնդի փրկելը, կարծում եմ, արդարացված է, ու հետո, մի օր գուցե, Արցախը մերը կլինի։ Թե չէ՝ թույլ տալ, որ այդքան մանկահասակ երեխաներ ցեղասպանվեն, որքանո՞վ է ճիշտ»։ 

Մենք Հայաստանի շունչը մեր հետեւում չենք զգում, բայց զգում ենք ատելությունը

International Crisis Group-ի Հարավային Կովկասի հարցերով ավագ փորձագետ Օլեսյա Վարդանյանը հայտարարել է, որ եթե հնարավոր լինի խուսափել բախումներից, եւ եթե Ադրբեջանը կարողանա տեղի բնակչությանը համոզել մնալ՝ երաշխավորելով, որ որեւէ էթնիկ զտում չի լինի, ապա Բաքուն եւ Երեւանը կկարողանան մոտ ապագայում հաշտության պայմանագիր կնքել։ Ձեր կարծիքով, նման զարգացումը որքանո՞վ է իրատեսական։ Մեր հարցին պատասխանում է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։ «Դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, որ մեկընդմիշտ փակի Արցախի թեման, որ պատասխանատվություն չկրի այստեղ բնակվողների համար։ Ի՞նչ է նշանակում՝ համոզել, որ մնան։ Եթե Ադրբեջանի դասագրքերում գրված է, որ հայ սպանելը հերոսություն է, ո՞նց պետք է համոզեն այստեղ մարդկանց, որ մնան ու ապրեն։ Իհարկե, կլինեն այնպիսիք, ովքեր, չունենալով բարեկամ դրսում կամ այլ հարցերից դրդված՝ երեխաների գերեզման ունեն եւ այլն, կարող է մնան, դա չի նշանակի, որ համոզել են արցախցիներին։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, դա նորից որոշ մարդկանց երազանքն է, որ ուզում են ցույց տալ, որ խաղաղություն կբերեն Հայաստանին, բայց Հայաստանն այսքան կորուստների չի ենթարկվել երբեք, քան վերջին 4 տարում»։ 

— Կառավարության նիստում Փաշինյանը մոտավորապես ասաց, որ եթե շարունակի իրավիճակը մնալ այսպիսին, բնակչությանը կտեղափոխենք Հայաստան։ Ինչպե՞ս եք գնահատում այս արտահայտությունը, ունե՞ք սպասելու տեղ։ 

— 2020 թվականից հետո իրավիճակը գնալով վատանում է։ Իրենք ո՞նց են մտածում, էլ ինչքա՞ն պետք է վատանա իրավիճակը, եթե այսօր ծնողը երեխայի համար մի կտոր հացի խնդիր չի կարողանում լուծել, եթե մանկահասակ երեխան բետոնի վրա է քնում։ Ես իմ կյանքում սրանից վատ իրավիճակ Արցախում չեմ տեսել։  

— Ձեր կարծիքով՝ անմիջապես պետք է բնակչությանը հանե՞լ։ 

— Դա ամեն ընտանիքի առանձին հարցն է, բայց այն, որ այսօր Հայաստանի որեւէ գերատեսչություն չի զբաղվում արցախցու ճակատագրով, եւ չեն հայտարարում կառավարության նիստերի ժամանակ, որ կտեղավորեն այդ մարդկանց, կընձեռեն հնարավորություն, որ ապրեն… Մարդիկ տասնյակ տարիներ տուն-տեղ են դրել, բայց գոնե մինիմալ պայմաններ այսօրվա իշխանությունները չեն առաջարկում։ Մենք Հայաստանի շունչը մեր մեջքին չենք զգում, բայց ատելությունը շատերի զգում ենք։ Եվ այդ ատելության հեղինակն արցախահայության հանդեպ Նիկոլ Փաշինյանն է։ 

Ցոլակի 8 տարեկան երեխան կրակում է ատրճանակից

Գյումրեցի Ցոլակ Ղանդիլյանը Գյումրիում եւ հարակից գյուղերում ապրող արցախցիներին հրավիրում է կապվել իր հետ։ Ի՞նչ եք ասում նրանց՝ հարցնում ենք Ցոլակին ու պարզում, որ նա ուզում է արցախցիներին հրավիրել Գյումրու ՈՄԱ կազմակերպություն՝ «Ողջ մնալու արվեստի» դասեր ստանալու։ «ԵՍ գյումրեցի եմ, բայց 12 տարի ապրել եմ Բերձոր քաղաքում, ծառայել եմ Արցախի բանակում, ու ինձ համար ցավալի է, որ մեր ժողովուրդն էս վիճակի մեջ է,- ասում է Ցոլակ Ղանդիլյանը։- Հիմա ուզում եմ, որ արցախցիները գան, մասնակցեն մեր դասընթացներին, դա հիմա բոլորին պետք է, ամեն ինչի պետք է մենք պատրաստ լինենք։ Հատկապես արցախցիների համար սա պատվի հարց է»։ 
Նրա կոչին երեկվանից դեռ ոչ ոք չի արձագանքել։ Միայն քաշաթաղցիներն են զանգահարել, նախկին վերաբնակեցման ծրագրի մասնակիցները։ «Արցախի մյուս շրջաններից տեղահանվածները չեն զանգել։ Բայց եթե հիմա գրեմ, որ օգնություն եմ բաժանում, միանգամից հեռախոսս կպայթի զանգերից»,- ասում է Ցոլակը։ Նա հինգ որդի ունի, բոլորը տիրապետում են զենքին։ Անգամ ամենափոքրը, որն 8 տարեկան է, արդեն կրակել է ատրճանակից։ Բայց ինչո՞ւ միայն արցախցիներին` հայաստանցիներին էլ չէր խանգարի կրակել սովորել եւ «ողջ մնալու արվեստին» տիրապետել` հայտնի չէ, թե վաղը Հայաստանի հետ ինչ է լինելու:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում