Գերիների մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել

Հայաստանը եւ Ադրբեջանը գերիների փոխանակում են անում` Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի դիվերսանտ-մարդասպաններին, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների: Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Հայաստանին վերադարձվող անձինք 2020թ. դեկտեմբերին Հադրութի գործողության ժամանակ գերեվարվածներն են, 6 անձ ձերբակալվել է սահմանի տարբեր հատվածներից: Նրանք արդեն 3 տարի գտնվել են Ադրբեջանի բանտերում։ Սեպտեմբերին գերեվարված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին Ադրբեջանը չի հանձնում։ Գուցե պաշտոնական Երեւանն էլ նրանց չի պահանջում:

«Հրապարակ»-ի հարցազրույցը՝ իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ․

— Գերիներին Հայաստան վերադարձնելու իշխանությունների խոստումից արդեն հինգ օր է անցել: Տեղյա՞կ եք` ե՞րբ են վերադառնալու տղաները Հայաստան, եւ վերադարձողների ցանկը ո՞ր կողմը` հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմն է կազմել:

— Երկրորդ հարցի մասով ոչինչ չեմ կարող ասել, այդ հարցին պետք է պետությունը պատասխանի: Ես՝ որպես մասնավոր անձ, չունեմ նման տեղեկություն, բանակցողն իրենք են, թող իրենք էլ մեկնաբանեն: Ինչ վերաբերում է վերադարձվող ռազմագերիներին, նրանք՝ բոլորը, դատապարտված անձինք են, ցուցակում չեք կարող գտնել գեթ մեկ անուն, որը Բաքվում չի դատապարտվել: Անգամ Գագիկ Ոսկանյանի պարագայում նիստ եղավ, որին հաջորդեց հնարավոր հայրենադարձության պրոցեսը: Այն բոլոր հայերը, որոնք Ադրբեջանում են, դառնում են ապօրինի դատավարությունների մասնակիցներ: Բոլորի գործերով կան վճիռներ, միակ թարմ դեպքը Գագիկ Ոսկանյանի դեպքն է (Քելբաջարում կալանավորված եւ գերեվարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանը Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, նրա անունը եւս կա վերադարձվող 32 հայ ռազմագերիների ցանկում` Հ. Գ.):

— Ե՞րբ Հայաստանում կլինեն 32 տղաները: Քանի օր է` սպասողական վիճակ է:

— Հստակ տեղեկություններ չկան, այս հայտարարությունները պատրաստակամության մասին են, սակայն թե ինչ արագությամբ կիրականացվեն, պայմանավորվածությունները երբ կյանքի կկոչվեն, հստակ չէ, քանի որ այստեղ կա քաղաքական մաս: Կազմակերպչական որոշ աշխատանքներ են տարվում, ինչը կարող է որոշակի ժամանակ պահանջել, բայց դա զուտ օրերի մասին է:

— Ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը:

— Օրինակ` փաստաթղթերի հետ կապված հարցեր կան: Ստորագրում են փաստաթղթերի տակ: Հստակ չգիտեմ` պատժից ազատո՞ւմ են, համաներո՞ւմ են, թե՞ պարզապես ազատ են արձակում, առանց իրավական խնդիրների մասին մտածելու: Եթե միտում ունեն խիստ իրավական լինելու, ապա գուցե փաստաթղթաբանություն լինի, ինչը ժամանակատար է:

— Արցախի նախկին նախագահների ու բարձրաստիճան պաշտոնյաների մասին ոչ մի խոսք չկա: Ասվում է նաեւ, որ Հայաստանում կա ընդամենը երկու ադրբեջանցի, այն էլ՝ սպանություն կատարած անձինք, եւ իշխանությունները որոշել են երկուսին էլ հանձնել Ադրբեջանին: Դուք այս մասին ի՞նչ տեղեկություններ ունեք:

— Իմ ունեցած տեղեկություններով` Հայաստանում այդ երկու ադրբեջանցուց բացի այլ ադրբեջանցի չկա: Ինչ վերաբերում է նախկին նախագահներին, ապա նրանք գտնվում են նախնական կալանքի տակ` չորսամսյա ժամկետով, քննությունը ձեւականորեն ընթանում է: Այդ մասով տեղեկատվության սակավության խնդիր կա, քննության ընթացքը պահվում է գաղտնի:

— Այսինքն` նրանց ճակատագիրը հայտնի չէ:

— Այս մասով որեւէ պայմանավորվածություն չկա, լրացուցիչ ինտենսիվ աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի այս խնդիրը եւս լուծում ստանա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում