«Դուրս գալուց առաջ տան պատին գրել եմ «мы ещё вернёмся». Ալյոնան հավատում է՝ դեռ կվերադառնան

«Ժամկետային որդուս զանգը նման էր հրաժեշտի, ասաց՝ «մամ, ես ողջ եմ, բայց դուք ձեզ լավ նայեք, պինդ պահեք». Ալյոնա Բալասյանը 4 ամիս առաջ կատարվածը հիշում ու անդադար արտասվում է։ Նրա որդին՝ Գրիգորի Բալասանյանը ծառայում էր Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի հրետանային զորամասում, փոքր տղան, 13-ամյա Գոռը, դպրոցում էր։ Պատերազմն այսպես է սկսել Ալյոնայի համար, երբ վերջինս պատրաստվում էր ոտքով գնալ մանկական հիվանդանոց դպրոց ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթուղթը վերցնելու համար։

MediaHub-ի հետ զրույցում նա ասաց, որ կրակոցների ձայները լսել ու ճանապարհի մեջտեղում բռնել է սիրտը, առաջինը մտքում երեխաների համար աղոթել։

«Մեր տունը Ստեփանակերտի ծայր-արևելյան հատվածում է, Արմենավան թաղամասում։ Առավոտյան, երբ դեռ տանն էի, ուժեղ պայթյունի ձայն լսվեց, մի պահ քարացա, բայց քանի որ շարունակություն չունեցավ, հանգստացա։ Հետո հարևանս ասաց ադրբեջանցիներն են պայթել ականի վրա։ Երեխային ուղեկցել եմ դպրոց, վերադարձին սիրտս անհանգիստ էր, քաղաքում ռուս խաղաղապահների «BTR»-ներն էին միայն ու երկնքում՝ իրենց ուղղաթիռները։ Նկարել եմ, ուղարկել Գրիգորիին, խնդրել, որ ուշադիր լինի, քաղաքն անհանգիստ է։ Դրանից մոտ 2 ժամ անց սկսվեց իսկական պատերազմը»,-ասում է մեր զրուցակիցը։

Նախքան ռազմական գործողությունները, Ալյոնայի ամուսինը՝ Գեորգին բոլորին նախապատրաստել էր դրան, այդ թվում՝ զենքի ուժի կիրառման գործին։ «Երբ հասա տուն, Գոռն արդեն ինքնուրույն տուն էր վերադարձել և ամուսնուս ու մեր թաղամասի մյուս տղամարդկանց հետ պատրաստվում էին գնալ մոտակա անտառներ թաղամասը պաշտպանելու համար։ Պատկերացնո՞ւմ եք ինքնապաշտպանական մարտերին անգամ 12-13 տարեկան երեխաներից մինչև 70-75 տարեկան մարդիկ էին մասնակցում»,-ասում է մեր զրուցակիցը։

Գրիգորիի հետ կապ հաստատել հաջողում է Ալյոնան։ Որդին, որ անհանգիստ էր, մորը գոտեպնդելու համար ասել է՝ «մամ, ես ողջ եմ, բայց դուք ձեզ լավ նայեք, իրավիճակը շատ վատ է, պինդ կացեք»։

«Հետո հարցրեց հորից ու Գոռից, ես «ռացիայով» կապ եմ տվել Գեորգիին, մի քանի վայրկյանով խոսել է հոր հետ ու կապն ընդհատվել է»։

Մայրն ասում է, որ Գրիգորիի մասին ավելի շատ էր մտածում, քանի որ մյուսների հետ ներքին կապով խոսել հաջողվում էր. «Ես գիտեմ, որ շատերը կմեղադրեն ինձ, բայց ես նրան շատ անգամ եմ ասել՝ Գրիգորի, դիրքերում աչքիդ մեկը բաց քնիր, ականջիդ մեկը ձայնի վրա պահիր, վերջին փամփուշտդ էլ քեզ համար։ Մենակ թե գերի չընկնես»։

Հաջորդ օրը զինադադար էր։ Ստեփանակերտ-Շուշի անտառային հատվածում ամբողջ գիշեր մնալուց հետո Ալյոնայի ամուսինն ու որդին մյուսների հետ տուն են վերադառնում։ Ելքն արդեն պարզ էր․ հայկական կողմը վայր է դնում զենքը։

«Այդ օրերին կապի խնդիր կար։ Հրաշքը, որ պիտի լինի, լինում է։ Զանգեց հորը, ասաց՝ պապ, շրջափակման մեջ ենք, ոչ մի կողմ չենք կարող առաջ շարժվել։ Գեորգին գժված նստեց իր մեքենան ու շարժվեց։ 5 օր շարունակ որդիս իր ընկերների հետ սոված, հյուծված վիճակում մնացել է շրջափակման մեջ, մինչև թույլ են տվել ամուսինս ռուս խաղաղապահների հետ գնացել ու բերել է Գրիգորիին։ Իմ հայրենիքն ինքն էր, որ պինդ գրկեցինք։ Հետո ամուսինս ասաց՝ Ալյոնա, գիտե՞ս էս մատղաշ երեխաներն ինչ ջարդ են տվել թշնամուն։ Աչքովս եմ տեսել հազարավոր դիակներն ու խոցված զինտեխնիկան»,-հիշում է Ալյոնան։

Բալասանյանները Մարտակերտից տարհանված մի քանի ընտանիքներ են տեղավորել իրենց տանը։ Օր օրի Արմենավանի բնակիչները ևս գաղթում էին։ Իսկ մինչև սեպտեմբերի 25-ը՝ թաղամասում հերթապահում էր նաև իր 13-ամյա որդին։

«Գաղթից առաջ գնացինք գերեզմաններ, խելագարի պես խոսում էի քարերի հետ, բոլորին ասում էի կներես, ստիպված ենք հեռանում։ Մի բուռ հող եմ բերել այնտեղից։ Մեր անձնական իրերում տեղավորել ենք ամուսնուս հետ պատերազմներ անցած Արցախի դրոշը, մեր տան բանալին, որ հավատում եմ նորից կբացեմ։ Դուրս գալուց առաջ տան պատին գրել եմ «Мы ещё вернёмся» ու դուրս եկել, այնտեղ թողել սիրտս, հոգիս ու հիշողություններս։ Հակարիի կամրջին ադրբեջանցիները հեգնում էին մեզ։ Նրանցից մեկը հայերեն լեզվին տիրապետում էր։ Ես իրենց մոտ ինձ թույլ չեմ պահել, կտրուկ պատասխանում էի հարցերին, նույնքան հեգնանքով։ Նրանցից մեկն ասաց «Счастливого пути!», որպեսզի չհասկանան իմ պատասխանը, բարբառով ասացի՝ «կլոխտ թաղիմ» (հողեմ գլուխդ), զարմացած նայում էին, չհասկանալով, թե ինչ ասացի»,-ասում է նա։

Գաղթից հետո՝ հոկտեմբերի 1-ին միակ լավ բանը, որ տեղի է ունեցել Բալասանյանների ընտանիքում, իրենց դստեր ծննդաբերությունն էր, տղա է ունեցել։ Գեորգին ու Ալյոնան Հայաստանում զգացել են պապիկ-տատիկ դառնալու բերկրանքն ու պատասխանատվությունը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում