Ծխախոտի ծխի մեջ գտնվող նյութերից շատերը գրգռում են աչքի մակերեսը՝ առաջացնելով անհարմարություն, չորություն։ Ըստ ուսումնասիրությունների՝ ծխողները երկու անգամ ավելի հաճախ են տառապում չոր աչքի համախտանիշով, քան չծխողները։ Այս մասին այսօր խոսել ենք ակնաբույժ Օֆելյա Գինոյանի հետ։
Աչքի հետ կապված ինչպիսի հիվանդություններ է առաջացնում ծխելը։ Ո՞րոնք են ամենատարածվածները։
Վաղուց հայտնի է, որ երկարատև ծխելը կարող է հիմք հանդիսանալ մի շարք հիվանդությունների առաջացման` առավել հաճախ տուժում է սիրտ-անոթային համակարգը։ Այնուամենայնիվ, շատերը չեն գիտակցում, որ ծխելը կարող է հանգեցնել նաև տեսողության կորստի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխելը մեծացնում է տարիքային մակուլյար դեգեներացիայի (AMD), կատարակտի, գլաուկոմայի, դիաբետիկ ռետինոպաթիայի և չոր աչք համախտանիշի հանդիպման ռիսկը:
Եթե համեմատական կարգով դիտարկենք, ապա ծխախոտ ծխողների մոտ (օրական 15 կամ ավելի ծխախոտ)` 3-4 անգամ, պասիվ ծխողների մոտ` կրկնապատկվում է նշված հիվանդությունների զարգացման ռիսկը, քան չծխողների մոտ:
Առողջ ապրելակերպը և սովորությունները կարող են հանգեցնել առողջ աչքերի։ Աչքի հիվանդության և տեսողության կորստի ռիսկը կարող է կրճատվել հետևյալով. Թողնեք ծխելը, օգտագործեք առողջ սնունդ (C, E վիտամիններով և բետա-կարոտինով հարուստ սնունդ), վերահսկեք արյան ճնշումը և արյան մեջ խոլեստերինի, գլյուկոզայի մակարդակը, պարբերաբար այցելեք Ձեր ակնաբույժին:
Ասում են, որ թարթելու ռեֆլեքսը պաշտպանում է աչքը նաև սիգարետի ծխի ազդեցությունից: Արդյո՞ք ծխողների մոտ էլ է այդպես։
Թարթման ռեֆլեքսի շնորհիվ մեր ակնագնդի մակերեսը ծածկվում է արցունքային թաղանթով,որը ունի հաստատուն բաղադրություն և պաշտպանում է ակնագունդը մի շարք վնասակար գործոններից, այս դեպքում` օրինակ ծխախոտի ծխից։ Մինչդեռ երկարատև ծխի ազդեցությունը կարող է բերել վերջինիս բաղադրության խախտման` հիմք հանդիսանալով Չոր աչք համախտանիշի զարգացման։
Սիգարետի ծուխը վատ է ազդում նաև չծխող, բայց գերզգայուն լորձաթաղանթներ ունեցող կամ ցանկացած տեսակի ալերգիա ունեցող մարդկանց վրա: Ի՞նչպես կարելի է քչացնել վնասկար ազդեցությունը։
Միանշանակ կարևոր դիտարկում է հասկանալ պատճառ-հետևանքային կապը։ Այսինքն լուծել պատճառը, որը բերել է կոնյուկտիվայի կամ լորձաթաղանթի հիպերզգայունության և ալերգիայի առաջացման։ Ինչպես նաև կոմպենսացնել հետևանքը` օգտագործել արհեստական արցունքի կաթիլներ և խուսափել ծխի ուղղակի ազդեցություն ունեցող միջավայրից։