Ադրբեջանը ցանկանում է հասնել նրան, որ Արցախն ամբողջությամբ հայաթափվի. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի գնահատմամբ՝ օգոստոսի 1-ից սկսված գործողություններն Արցախի ժղովրդի դեմ Ադրբեջանի կողմից վարվող ընդհանուր հայատյաց քաղաքականության հերթական քայլերից է։ Այսինքն՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ տարվող ռազմավարության ընդհանուր դրսևորումն է։

«Այդ ամենով Ադրբեջանը ցանկանում է հասնել նրան, որ Արցախն ամբողջությամբ հայաթափվի, և յուրացվի Արցախի այն հատվածը, որտեղ այսօր ապրում է արցախցին։Միջազգային կառույցները պատշաճ կերպով տեղեկացվում են իրավիճակի մասին թե՛ հրապարակային մեր հայտարարություններով կամ հարցազրույցներով, թե՛ ուղիղ հասցեական նամակներով, որոնք ուղարկում են տարբեր կազմակերպություններ։

Ցավոք, հասցեական որևէ պատասխան չենք ստացել և կարող ենք արձանագրել, որ համարձակության պակաս կա ասելու այն, ինչ իրականում տեղի է ունենում։ Երկու կողմերին ուղղված կոչերն իրականում որևէ պրակտիկ ազդեցություն ու նշանակություն չեն ունենում։ Մեր ջանքերը՝ այդ անհասցե հայտարարությունները հաղթահարելուն ուղղված, դեռևս հաջողության չեն հասնում, բայց մենք ավելի մեծ ջանքերով կշարունակենք այդ իրավիճակը շտկելու ուղղությամբ գործողությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Գեղամ Ստեփանյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում