Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Գեւորգի Մանուկյանը։
19–ամյա Սարգիսը Արարատի մարզի Լուսառատ գյուղից էր։ Նա բանակ էր զորակոչվել 2021 թվականի մարտին։ Ծառայում էր Սիսիանում։
«Սարգիսը մեր լավագույն աշակերտներից էր, խելացի, համեստ, դաստիարակված, երբեք ավելորդություն թույլ չի տվել իրեն, ոչ մի անգամ դիտողություն արած չկանք նրան։ Շատ ենք ցավում նրա մահվան համար։ Սարգիսը համեստ ու աշխատասեր ընտանիքից էր»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սարգիսի դասղեկը՝ Սահականուշ Գաբրիելյանը։
Սարգիսն ընտանիքի ավագ զավակն էր, իրենից փոքր քույր ունի։ Նա 9–ամյա կրթությունից հետո ընդունվել էր «Հայբուսակ» համալսարան, ապագա ատամնատեխնիկ էր։
Սարգիս Մանուկյանը հուղարկավորվել է հոկտեմբերի 6–ին, հայրենի գյուղում։
