Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում անդրադարձել է հոգևորականի առաքելության, համացանցի միջոցով մարդկանց պատգամներ փոխանցելու, Աստծո` «Սիրիր թշնամուդ» պատվիրանի մասին։
«Մենք ինքնախաբեությամբ չպետք է զբաղվենք` մտածելով, որ այսօր միայն անձնական հարաբերությունների կամ ֆիզիկական շփման միջոցով է, որ մենք կարողանում ենք ուղերձներ և պատգամները փոխանցել։ Մարդկության մեծամասնությունը բնակվում է սոցցանցերում, և մենք, ինչպես մարդկանց տներն եք այցելում քարոզով, փորձելով մեր ժողովրդին գտնել իրենց բնակավայրերում, սա էլ մի գործիք է, որը բարին է գործադրում` փորձելով ուղերձներն ու պատգամները փոխանցել այդ ճանապարհով։ Այսօրվա աշխարհն իր պարտադրանքներն ունի, և մենք պետք է ենթարկվենք դրան և օգտագործենք բոլոր հնարավորությունները։ Հիմա ուրախ եմ, որ տարբեր հոգևորականներ օգտագործում են, օրինակ, «Tik Tok»-ն է։ Որքան շատ լցվի այդ հարթակը բարիքով, սիրով, գաղափարներով, արժեքներով, այդքան կնվազեն այն միտումները, որոնք հատկապես այդ հարթակներով փոխանցվում են մեր կյանք»մ , – ասել է սրբազանը։
-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ հոգևոր Հայաստանը պարտվեց «նոր Հայաստանին», ինչո՞ւմն էր թուլությունը։
–Հոգևոր Հայաստանն այն բարձր արժեքներն են, որտեղ մարդը լայն իմաստով իր կոչման համաձայն աստվածային դառնալու ճանապարհի մեջ է մտնում, չի վախենում սիրելուց և զոհաբերվելուց։ Հոգևոր Հայաստանն այնտեղ է, որտեղ հայրենիք ես սիրում, որտեղ քո հայրենիքը քեզ համար միայն բնակավայր, արոտավայր կամ սուպերմարկետ դառնալու միջավայր չէ, այլ սրաբազան իրականություն, որքան էլ այն ծաղրեն։ Ցավալիորեն «Նոր Հայաստանում կա գերադրական աստիճանի ատելություն, թշնամություն, հպարտություն` հպարտ քաղաքացիներից կազմված, որի տակ ոչինչ չկա դատարկությունից բացի։ Աստված մարդուն մեկ բերանով և երկու ականջով է ստեղծել` շատ լսելու և քիչ խոսելու, բայց այսօրվա ժամանակաշրջանում մարդն ավելի շատ բերանով է մտածում։ Այսպիսին է «նոր Հայաստանը»։ Ասել եմ` հոգևոր Հայաստանը պարտվել է «նոր Հայաստանին», որովհետև մենք պարտվել ենք մեղքին, որովհետև իրական Հայաստանը պարտվել է ֆեյսբուքյան Հայաստանին, որովհետև տաճարը պարտվել է փողոցին, ճշմարտությունը` ստին, հոգին` «դուխին», իսկ ես ասում եմ, որ հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «նոր Հայաստանին»։ Դա ոչ միայն ցանկություն է, այլ նաև անհրաժեշտություն և պարտադրանք։