Վերջապես կպատռվեն բազմաթիվ դիմակներ և պարզ կդառնա, թե ով է Քոչարյանը և ինչու, ով է Փաշինյանը և ոնց, ու ովքեր են Սերժն ու Լևոնը․ Հայաստանի ներքաղաքական դաշտում առճակատումները մեկնարկել են․ Արթուր Դանիելյան

Երեկ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց 2018-ի հեղափոխության ժամանակագրությունը, որտեղ «բացահայտվեց» Կարեն Կարապետյանի և Մոսկվայի ուրույն դերը հեղաշրջման գործում: Բացահայտումն իմ համար չակերտավոր է զուտ այն պատճառով, որ ես դրա մասին դեռ մի տարի առաջ էի գրել: Թեպետ Շարմազանովի գրառումն անշուշտ քաղաքական առումով ավելի էական դեր է խաղում, քանի որ դա լեգտիմիացնում է այն ամենը, ինչը մոսկովյան շատ որոշակի շրջանակներ փորձում էին կոծկել «անհիմն, դավադրապաշտություն» պիտակների տակ: Բնական է, որ Շարմազանովի այդ տեքստը հրապարակվեց Սերժ Սարգսյանի թողտվությամբ միայն: Սա իր հերթին մեզ բոլորիս հուշում է, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջապես մեկնարկել են այն առճակատումները, որոնց արդյունքում մենք գուցե գոյատևելու շանս ստանանք:

Այս առճակատման արդյունքում վերջապես պիտի պատռվեն բազմաթիվ դիմակներ և հանրության գոնե ինչ-որ շերտի համար պարզ պիտի դառնա, թե ով է Քոչարյանը և ինչու, ով է Փաշինյանը և ոնց, ու ովքեր են Սերժն ու Լևոնը: Ցավոք ցանկացած հնարավորություն իր մեջ պարունակում է նաև մարտահրավեր և հետևաբար սպառնալիք: Եթե հանրությանը հաջողվի հիշյալ առճակատումը պահել բովանդակային դաշտում, դա, ինչպես նշեցի, կտա մեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները: Սակայն, եթե համապատասխան շրջանակների հաջողվի հերթական անգամ բովանդակությունից շեղել մեր ուշադրությունը, մենք բոլորով նորից կպարտվենք: Ընդ որում, քանի որ դրույքները չափազանց բարձր են, այդ շեղման օպերացիան կարող է լինել բավականին արյունալի: Հարկ է նաև նշել, որ ամեն դեպքում մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Եթե խելացի գտնվենք կստանանք պատասխաններ ու ապագայի շանս, եթե նորից թույլ տանք, որ խելքներս ուտեն, կսուզվենք արյան գետերի մեջ: Սա հին ու ոչ այդքան բարի, սակայն իսկապես արդար մի երկընտրանք է, որը բաժին է հասել բոլոր ժամանակներում բոլոր ժողովուրդներին:

Փորձելով խրախուսել բացահայտումների այս ալիքը` մի «բացահայտում» էլ ես անեմ: Իմ բացահայտումը նույնպես չակերտավոր է, քանի որ աշխարհում թեպետ քիչ են, բայց կան մարդիկ, ում համար սա նորություն չի լինի:

2018 թվականի հեղաշրջումից հետո շատ հաճախ է հանրային դաշտում հնչել այն թեզը, որ հայ ժողովուրդն ընտրեց Բարաբբային և խաչեց Հիսուսին, ասել է թե` արդարությանը, և դրանով վաստակեց մեզ հասած սարսափելի պատիժների այն բաժինը, որը 2000 տարի առաջ հասավ հրեաներին: Թե´ աստվածաբանական և թե´ քաղաքական առումով սա իհարկե ճիշտ է. ցանկացած ժողովուրդ ունի այն իշխանությունը, որին արժանի է: Սակայն կան վերոհիշյալ համեմատության մեջ որոշակի նրբություններ:

Նախ, Բարաբբայի անունը տալով, շատերը, վստահ եմ ակամայից, չեն արտասանում իր ամբողջ անունը, իսկ ամբողջ անունը՝ Յեսու Բարաբբա է: Յեսուն նույն Հիսուսն է, որն արամեերեն Յեշուան է, հենց այդպես էին անվանում Քրիտոսին, ում անունը ժամանակի ընթացքում վերափոխվեց Հիսուսի: Որպես Քրիստոս նրան առհասարակ ոչ մեկ չէր ճանաչում, քանի որ այդ անվանումը հունարենից է և նշանակում է «խաչված» ու սկսվեց կիրառվել խաչելությունից հարյուրամյակներ անց: «Փրկիչ» նշանակող եբրաերեն ישוע-ն (Yēšūaʿ), հունարենում դարձավ Ἰησοῦς (Iesous), լատիներենում Iesus, իսկ մեզ մոտ Հիսուս: Հուդեայում սա ժամանակին բավականին տարածված անուն էր` մանավանդ հոգևորականների շրջանում: Բարաբբան ավելի քիչ տարածված էր, բայց նույնպես ունիկալ չէր: Արամեերեն בּר‎ אַבָּא (bar abba) նշանակում է «հոր որդի», բար՝ որդի, աբբա՝ հոր:

Վստահ եմ ձեր մեջի ամենաֆայմողները արդեն սկսեցին ինձ գամել հերետիկոսների պատին, սակայն կհորդորեմ չշտապել, այդ սուրբ գործը միշտ էլ կհասցնեք անել, մինչև էդ թույլ տվեք մի քանի մեջբերում անեմ Ավետարանից: Մեզ Բարաբբային ներկայացնում են որպես շարքային մի բռնարար, մարդասպան: Այս պատկերացումը հիմնականում առաջացել է Հովհաննեսի ավետարանի հետևալ տողից՝ «Եւ այն Բարաբբան ավազակ էր» (Հով 18:40): Մինչդեռ, օրինակ` Մատթևոսի ավետարանում գրված է, որ «Այն ժամանակ ունեին մի նշանավոր բանտարկյալ, որի անունը Յեսու Բարաբբա էր» (Մաթ 27:16): Իսկ Մարկոսի ու Ղուկասի մոտ միանգամայն այլ աստառ կա. երկուսն էլ միաբերան պնդում են, որ Բարաբբան բանտարկված էր Երուսաղեմում խռովության ժամանակ մարդասպանությանը մասնակից լինելու համար (Ղուկ 23:19 և Մար 15:7):

Տվյալ դեպքում խռովություն բառի տակ հեղինակները նկատի ունեին այն բազմաթիվ բախումները, որ տեղի էին ունենում Հուդեայում և մասնավորապես Երուսաղեմում արմատական ազգայնականների ու երկիրը զավթած հռոմեացիների և դրանց տակ «տեղավորված» հրեաների միջև: Այս բախումների մասին բավականին մանրամասն գրել է պատմիչ Հովսեփոս Ֆլավիոսը: Բուն Քրիստոսին վերաբերվող ոչինչ նա չի արձանագրել, սակայն նշել է, որ քաղաքացիական պատերազմը սկսվեց Երուսաղեմի արքեպիսկոպոս Հակոբի սպանությունից հետո: Ավետարանից մեզ հայտնի է, որ Հակոբը Քրիստոսի եղբայրն էր: Ու, այո´, իր սպանությամբ բախումները ստանում են քաղաքացիական պատերազմի ծավալ և հանգեցնում են պատժիչ գործողությունների Հռոմի կողմից: Վերջիններս քանդում են Դավթի տաճարը և փաստացի ցեղասպանության ենթարկում հրեաներին:

Հուդայականները մինչ օրս այս ցեղասպանության պատասխանատվությունը դնում են Քրիստոսի ու յուր հետևորդների վրա: Յուրաքանչյուր ուղղադավան հուդայական ամեն օր պարտավոր է արտասանել «բիրկատ հա Մինիմ» աղոթքը, որտեղ անիծում են քրիստոնյաներին: Մինչդեռ քրիստոնյաները ավանդաբար հակասեմիթական արշավներ էին նախաձեռնում, հիշելով, որ հենց հրեաները Բարաբբային ընտրեցին փրկչի փոխարեն: Թե ո՞նց էր հնարավոր Աստծու զավակին մատնել, խի՞ փրկիչը գնաց գիտակցված մահվան ու ինչու՞ իրականում հարություն առավ, դա քրիտոսնյաների մեծ մասին երբեք չի հետաքրքրել: Իսկ Բարաբբայի ով լինելն առհասարակ գրեթե ոչ մեկին հետաքրքիր չէր, թեկուզ և նրա անունը բառացիորեն նշանակում է «Փրկիչ հոր որդի», իսկ ավետարանը արձանագրում է, որ նա «նշանավոր» բանտարկյալ էր: Քչերին է նաև հետաքրքիր, թե ինչու հռոմեական նահանգապետ Պիղատոսը երեք անգամ փորձեց խուսափել Քրիստոսին խաչելուց, իսկ հետո «լվաց ձեռքերը»:

Հիմա անցնենք բուն հերետիկոսությանը, որի համար ինձ կարող եք հետո գնդակահարել, «եթե ժողովուրդն այդպես որոշի» (հուսամ Նիկոլից հետո): Իմիջայլոց հերետիկոսություն է ներքոգրյալը, ոչ թե որովհետև սխալ է, այլ որովհետև փորձ է մեկնաբանել ավետարանը, որը մեզ մոտ արգելված է անել, եթե օծյալ չես, ինչը ես ցավոք չեմ:

Եվ այսպես, ըստ իս, Հիսուս Բարաբբան ու Հիսուս Քրիստոսը մի գաղափարի երկու ճանապարհներ էին խորհրդանշում: Երկուսն էլ ուզում էին ազատագրել իրենց ժողովրդին օտար զավթիչներից և տեղացի կոլաբորանտ կաշառակեր քրմերից: Սակայն, եթե հիսուսը մտավ Երուսաղեմ հեզ ու խոնարհ կեցվածքով, ավանակը հեծնած, սեր և համերաշխություն քարոզելով, Բարաբբան իր պայքարում պատրաստ էր ամեն ինչի, այդ թվում նաև մարդասպանության: Ինչպես Ադամին Աստված հրահանգեց չփորձել արգելված պտուղը, սակայն տեղադրեց այդ պտուղը Եդեմում, Ադամին այն փորձելու հնարավորություն տալով, այդպես էլ Երուսաղեմում Աստված տվեց մարդկանց ընտրության իրավունք՝ երկու ճանապարհ: Հրեաները ընտրեցին սխալ ճանապարհը: Այո´, քրմերը քարոզեցին, այո´, կաշառեցին, խաբեցին ժողովրդին, զրպարտեցին Քրիստոսին, սեղմեցին մարդկանց եսասիրության վրա (դա, ինչպես հայտնի է, Աստծո սիրած հրեշտակապետի լավագույն զենքն է)… Բայց որոշողը միևնույն է ժողովուրդն էր, մարդիկ: Ժողովուրդը ընտրեց արյունը, բռնությունը: Ժողովուրդը տեղիք տվեց իր նենգ բնազդներին՝ բարկությանը, հպարտությանը և այլն: Պիաղատոսն էլ հասկացավ, որ եթե ժողովուրդը Հիսուս Քրիստոսի փոխարեն ընտրում է Հիսուս Բարաբբային, ուրեմն լինելու է մեծ աղետ ու ձեռքերը լվաց:

Մեզ` հայերիս, հասած փորձանքներն էլ գալիս են նրանից, որ մենք շարունակաբար ընտրում էինք սխալ ուղին: 100 տարի առաջ մի ամբողջ կայսրություն քանդվեց, բայց արի ու տես, որ կոտորեցին հիմնականում մեզ: 1998 թվին մենք վստահ էինք, որ ուժեղ տղերքը` ի դեմս Վազգենի և այլոց, ճիշտ արեցին, որ հանեցին «թույլ» Լևոնին: 99-ին ես փողոցներում տեսնում էին Վազգենի սպանությունից ուրախացած բազմաթիվ մարդկանց: Ծռերը հելան երեք ոստիկան սպանեցին ու միևնույն է չպախարակվեցին ժողովրդի կողմից այնպես, ինչպես պախարակվեց Սերժը 2018-ին… Ժողովուրդն արյուն էր ուզում, ռասկուլաչիտ եղած օլիգարխներ, ՀՀԿ-ականների դագաղներ, Բարաբբա էր ուզում…

Հիմա, օրինակ, երբ անընդհատ ինչ-որ Նեմեսիսի մասին են խոսում, դա միտված է, մեր մեջ գոյացած թերարժեքության բարդույթները բզբզալով, մղել մեզ հերթական ապուշության: Պարզ է, չէ՞, որ Նեմեսիս անողը դրա մասին չի խոսա, կամ էլ կխոսա միայն անելուց հետո: Կամ եթե Նեմեսիսի թիրախը Նիկոլն է, ստեղ հարց է առաջանում՝ բա ու՞մ են սպասում, սպասում են սաղ տա, նոր` խփե՞ն: Եթե Նեմեսիսը թուրքերին է ուղղված, ի՞նչ ասեմ… կան չէ՞ քուչեքում տենց չուխաններ, որ էշ-էշ դուրս տալու համար ծեծ են ուտում, հետո փախնում մի տեղ հեռվից քֆուր անում: Տարբերությունը էն ա, որ քուչում կարող ա հետդ գլուխ չդնեն, իսկ տվյալ պարագայում գալու են փռթեն, տենց` նավսյակիյ… նորից ու վերջին անգամ:

Հիշեք՝ հաչող շունը չի կծում: Իսկ մենք հիմա դրոշ վառող, ծիրանի շուրջ պարող, անիմաստ արձաններ ու խաչքարներ դնող, «հաչող շների» ենք վերածվել: Հետո էլ կասեք` մեզ քրմերը խաբեցին, ստիպեցին, որ հաչանք: Է հա, դուք էլ մի խաբնվեք:

Հ.Գ. Իշխան Սաղաթելյան, դու լավ կլինի մանրից հոգեբանորեն պատրաստվես նրան, որ պիտի բացահայտես, թե ինչու մարդկանց տներով ցրեցիր անցած տարի մայիսի 4-ին, թե չէ Մալյան Նարեկը քեզ հրեշտակ կթվա:

Արթուր Դանիելյան

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում