Ուժի գործոնը Լաչինի միջանցքում. լռությունն էլ ուժ է

1in.am-ը գրում է․

Հայաստանում բավականին հաճախ են սկսել հնչել տեսակետներ այն մասին, որ Լաչինի միջանցքը պետք է բացել ուժով: Ընդ որում, այդ տեսակետներն արտահայտվում են ամենատարբեր «կոնֆիգուրացիաներով», տարբեր քաղաքական, գաղափարական, հասարակական շրջանակներից: Աքսիոմատիկ տեսանկյունից, իսկապես, ութամսյա շրջափակման, պաշարման, միջազգային հանրության գործնական անտարբերության, կամ այդ հանրության կոչերի հանդեպ Ադրբեջանի անտարբերության պայմաններում մեծ խելք պետք չէ եզրակացնելու համար, որ միակ տարբերակը մնում է միջանցքն ուժով բացելը:

«Մեծ խելքն» իհարկե անհրաժեշտ է արդեն հետո, երբ հարկ է դիտարկել, թե ինչպիսին են այդ տարբերակի հնարավորությունները, ինչպիսին է ուժերի հարաբերակցությունը, ընդ որում ոչ միայն զուտ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի, այլ նաև խոշոր ուժային կենտրոնների, նաեւ դրանց քաղաքական հարաբերությունների, մոտիվների և այլն: Երբ իրավիճակը սկսում ենք չափել արդեն այդ ասպեկտներով, տող առ տող, պարզ է դառնում, որ միջանցքն ուժով բացելու հնարավորությունը մեղմ ասած ավելի մեծ չէ, քան դիվանագիտական ջանքով ինչ որ արդյունքի հասնելու հնարավորությունները:

Ավելին, ուժային տարբերակի ռիսկերը մեղմ ասած այնպիսին են, որ դրանց անգամ մի որոշակի մասի իրականություն դառնալու դեպքում Հայաստանը կարող է ունենալ նոր և ավելի մեծ խնդիրներ՝ չլուծելով միջանցքը բացելու խնդիրը: Ընդ որում, այստեղ կա մի նրբերանգ էլ: Որքան շատ է զգայական, հուզական, իռացիոնալ հողի վրա հնչում խոսակցությունը ուժով բացելու մասին, այնքան ավելանում է այդ հանգամանքը ռացիոնալ քննության առնելու անհրաժեշտությունն ու ըստ այդմ ստեղծվում է մի վիճակ, երբ այդ խոսակցությունները խթանում են Հայաստանի ուժային հնարավորությունների համեստության մասին «դիսկուրս», ինչի անհրաժեշտությունը բոլորովին չկա: Ավելին, այստեղ թերևս լռությունն ավելի մեծ ուժ է, քանի որ թեման պահանջում է թերեւս մեծ նրբանկատություն եւ սոցցանցային հերոսության էֆեկտի գայթակղությանը չտրվելու ուժ:

Այն, որ Հայաստանն ունի խիզախ եւ մարտունակ զինված ուժեր, կասկածից վեր է: Բայց, որ Հայաստանը չունի իրեն շրջապատող մարտահրավերների հանդեպ բավարար ռազմա-քաղաքական ներուժ, նույնպես կասկածից վեր է: Ինչպես որ Հայաստանին ուժային քարտ-բլանշի որեւէ նշույլ չկա Հաագայի դատարանի չկատարվող վճռում, ինչպես փորձ են անում հավաստիացնել մեր մի շարք հայրենակիցներ, ասելով, թե դատարանի վճիռը Հայաստանի ուժային գործողության իրավունքն է: Իրավունքը ինքնին ուժն է՝ այդպիսի գործողության կարողությունը:

Ինքնին ուժն է տալիս ինքզինք գործադրեու իրավունք, եւ, եթե Հայաստանը ներկայումս ունենար այդ ուժը՝ իսկ այստեղ հարցը լոկ միայն ուժային գործողության հնարավորության մասին չէ, այլ դրանից բծող հետագա դետոնացիային դիմակայելու հնարավորության, ապա Հաագայի վճիռ լինել-չլինելը թերեւս չէր ունենա որեւէ նշանակություն, Հայաստանը կդիմեր իր ուժի գործադրմանը: Այսօր ուժերի համապարփակ հարաբերակցությունը ցավոք Հայաստանի եւ Արցախի օգտին չէ, հետեւաբար պետք է կրճտացնելով ատամները կուտակել առավելագույ ուժ, իսկ մինչ այդ էլ գեներացնել դիվանագիտական ուժի առավելագույն ռեսուրսներ, խնդրի թեկուզ միջանկյալ հանգուցալուծման ուղիներ գտնելու համար:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: