Հայկին գտել էին Եղեգնաջորի դիահեձարանում․․․Հայկ Հակոբյանը, ով հայտնի էր նաև «Խուճուճ» մականվամբ

Նոյեմբերի 26-ին, Արմավիրի մարզի Մերձավանի մշակույթի տան դահլիճում հպարտության և մեծարման երեկո էր:Ներկա էին ոչ միայն մերձավանցիներ, այլև Երևանից ու հանրապետության տարբեր մարզերից ժամանած հյուրեր:Դահլիճում ներկաներին իր խրոխտ ու հպարտ հայացքով նկարից ողջունում էր 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմում հանուն հայրենիքի նահատակված, լեգենդ դարձած հերոս Հայկ Հակոբյանը, ով հայտնի էր նաև «Խուճուճ» մականվամբ: Այսօր մշակույթի տանը տեղի ունեցավ «Merdzavan Fight Club»-ի կարատեի բաց մրցաշար, որը նվիրված էր հերոսի՝ Հ. Հակոբյանի հիշտակին:

Ներկաները նախ 1 րոպե լռությամբ հարգեցին բոլոր պատերազմներում նահատակված հերոսների հիշատակը, որից հետո իրենց պարային համարներով հանդես եկան մշակույթի տան «Փայլող աստղեր» պարային համույթի սաները՝ գեղարվեստական ղեկավար Ժենյա Գևորգյանի և պարուսույց Ռուբեն Կուրգինյանի գլխավորությամբ: Ներկա էին հերոսի ծնողները, հարազատները, ընկերները՝ այդ թվում զինակից, արցախյան մի քանի պատերազմներին մասնակից հերոսներ:Ապա տեղի ունեցավ մրցաշարը: Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, գավաթաներով: Մեդալներ հաղթողներին հանձնեց հերոսի հայրը:

 

Միջոցառման ողջ ընթացքում ներկաները նշում էին, որ իրենց համար պատիվ է, որ ապրում են այն բնակավայրում, որտեղ ծնվել, մեծացել է Հայկը, որտեղից բանակ է մեկնել, ու հանուն վաղվա վեհ գաղափարների ու սահմաններն անառիկ պահելու՝ նա տվեց Աստծո պարգևած ամենաթանկը՝ կյանքը, ու մեզ համար ոչ միայն պատիվ, այլ նաև պարտավորեցնող է, որ Հայկի ու նրա նման տղերքին պետք է ամեն օր հիշենք ու ասենք. «Տղերք, կյանք տվեցիք հանուն կյանքի, մենք ձեզ բացակա չենք դնի»:

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Հայկ Հակոբյանը երազում էր դառնալ հայտնի ֆուտբոլիստ։Հայկը ծնվել է 2003 թվականի ապրիլի 11-ին Երևանում, ապրել Արմավիրի մարզի Մերձավան գյուղում։ Հայկը դեռ փոքր տարիքից սիրել է լինել առաջնորդի ու կազմակերպչի դերում։ Մինչև զինվորական ծառայության անցնելը՝ զբաղվել է ֆուտբոլով, մասնակցել բազմաթիվ առաջնությունների ու հաջողություններ գրանցել՝ պատվոգրեր, մրցանակներ, երեխա ժամանակ իրենց թիմով Հայաստանի չեմպիոն էլ են դարձել։Չորս տարեկան է եղել, երբ սկսել է զբաղվել ֆուտբոլով. խաղացել է Էջմիածնի թիմում։ Կարճ ժամանակ անց ֆուտբոլը դարձել է նրա կյանքի ամենակարևոր և անբաժան մասը։ Հայկը զինված ուժերում ծառայության է անցել 2021 թվականի հուլիսի 27-ին։

Նախ Արմավիրի ուսումնական զորամասում է ծառայել, այնուհետև տեղափոխվել է Կապան։ Հայկն ավագ հրաձիգ էր, ծառայության մասին միշտ դրական է խոսել, բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել։

Վերջին անգամ Հայկն ընտանիքի անդամների հետ հեռախոսով կապ է հաստատել սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ ժամը 10։30-ի սահմաններում և ասել, որ շրջափակման մեջ են հայտնվել։Հայկն այդ օրը չպետք է դիրքերում լիներ, սեպտեմբերի 12-ի երեկոյան 20։00-ի սահմաններում բարձրացել է ինժեներական աշխատանքներ կատարելու։ Այդ ժամանակ զանգել է ընտանիքի անդամներին ու ասել, որ բարձրանում է դիրքեր՝ ինժեներականի։00.00-ից մինչև առավոտ հնարավոր չի եղել իր հետ կապ հաստատել, զանգել է մեկ անգամ առավոտյան ժամը 7-ին, հետո՝ 10։30, դա Հայկի վերջին զանգն էր։ Ասել է՝ շրջափակման մեջ ենք։

Նկարագրել է իրենց տեղը, ասել՝ սպաները պետք է մեզ դուրս բերեն շրջափակումից, բայց ինչքան պետք լինի՝ կմնանք։Հետո հարազատները ադրբեջանցիների տարածած տեսանյութերում կադրեր են տեսել, որտեղ գերիներից մեկի ձայնը նմանեցրել են Հայկի ձայնին, մտածել, որ Հայկը գերի է ընկել, միևնույն ժամանակ փնտրելով նրան հիվանդանոցներում, Կարմիր Խաչի գրասենյակում, քննչական կոմիտեում, դիահերձարաններում։Մի քանի օր փնտրելուց հետո՝ սեպտեմբերի 19-ին, պարզ է դարձել, որ Հայկը Եղեգնաձորի դիահերձարանում է։ Դին հայրն ու քեռին են ճանաչել։ Նրան ավտոմատից կրակել էին 12-13 անգամ, բայց փորձաքննության համաձայն՝ այդ կրակոցները եղել են մահից հետո։ Մահացու վիրավորումը ստացել է վզի՝ կոկորդի մեջտեղի հատվածում, առաջին կրակոցը հենց դա է եղել։Հայկի զենքը կեսից սկսել է չկրակել, անսարք է դարձել։

Այնտեղ նահանջող տղաներ են եղել, որոնք զենքերը չեն կարողացել իրենց հետ տանել, Հայկն ուրիշի ПК-ն է վերցրել ու էլի կռվի մեջ մտել։ Հայկին՝ բակում, դպրոցում, ֆուտբոլի թիմում, բոլորը կոչում էին Խուճուճ Հայկո, որպեսզի տարբերեն նրան մտերիմ ընկերոջից՝ Հայկից։ Նրանք հարևաններ էին, նույն տարիքի էին, մեծացել էին իրար հետ ու շատ մոտ ընկերներ էին։Հայկն անչափ բարի, սրտացավ էր, միշտ կանգնել է թույլի կողքին։ Թույլերին միշտ պաշտպանել է, չի թողել՝ որևէ մեկը նեղացնի։ Ինքը կռվարար էր, բայց միևնույն ժամանակ՝ հաշտեցնող էր։ Եթե կռիվ լիներ, Հայկը պարտադիր պետք է մասնակցություն ունենար, բայց վերջում պետք է նաև 2 կողմերին հաշտեցներ։ Ահա այսպիսինն էր Հայկը։

Հայկը, բացի սպորտից, նաև շատ էր սիրում արվեստը, նկարչությունից մինչև երաժշտություն տարբեր խմբակներ է հաճախել ու էլի հաջողություններ գրանցել։Հայկը շատ լավ նկարել է, երեխա ժամանակ համ  նկարչության, համ խեցեգործության է գնացել, դհոլի էլ է գնացել։ Արվեստն իր տեղում, բայց Հայկը նպատակ էր դրել դառնալ հայտնի ֆուտբոլիստ ու դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆուտբոլի բաժին, սակայն չէր հասցրել դասերին մասնակցել, քանի որ ընդունվելուց անմիջապես հետո մեկնել էր ծառայության։Հայկ Հակոբյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին՝ Մերձավանի գերեզմանատանը։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում