Ողբերգական դեպք՝ Երևանում. հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի

Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զաքյան 5 Ա հասցեում գործող «Քարտեզ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի ննջարանի անկողնում հայտնաբերել են մոտ 40 տարեկան տղամարդու դի:

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ տեղեկությունների՝ մահացածը, ում ինքնությունը պարզվում է, ՌԴ քաղաքացի է, ազգությամբ՝ ռուս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում