«Հիմա Էդվարդն էլ Վաղոյի մոտ է ու արդեն գիտի, թե ինչ էր ուզում իրեն ասել ընկերը»… Վաղարշակն Ապրիլյանի առաջին զոհն էր

2016 թվականի ապրիլի 2-ին Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի դպրոցի բակում զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը ծնունդով Հերհեր գյուղից է։

Նույն օրը դպրոցի բակում ծանր վիրավորում էր ստացել նաև նրա հարազատ եղբայրը` 10-ամյա Գևորգ Գրիգորյանը։

«Վաղարշակը տան ավագն էր, շատ էր կապված տատիկի ու պապիկի հետ, տատիկին խոստացել էր, որ բժիշկ է դառնալու»։ Վաղարշակի ու Գևորգի հորաքույր Քնար Գրիգորյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ Գևորգը օրեր անց հիվանդանոցում է իմացել եղբոր կորստի մասին։

«Ու երբ այցի եկած լրագրողները հարցրեցին, թե ի՞նչ երազանք ունի, նա ասաց, որ բժիշկ է դառնալու։ Ընտանիքի անդամները հասկացան, որ դրանով Գևորգն ուզում էր Վաղարշակի կիսատ մնացած երազանքն իրականացնել»,- ասել է նա։

2016 թվականին Գրիգորյանների ընտանիքը տեղափոխվել է Շուշի։ Հորաքրոջ խոսքով, երեխաների համար չափազանց ծանր կլիներ մնալ Ներքին Ճարտարում։ 2020 թվականին ընտանիքը Շուշիում թողեց իրենց տունն ու Վաղարշակի լուսանկարները, իսկ Ներքին Ճարտարում` Վաղարշակի հիշատակին կառուցված խաչքարը, 2023-ին՝ Վաղարշակի գերեզմանը՝ հայրենի Հերհեր գյուղում։

«Այդքան ծանր ապրումներից հետո, ընտանիքի համար դժվար ժամանակաշրջան է։ Գոնե գերեզմանին ծաղիկներ խոնարհելու հնարավորություն լիներ»,- վշտացել է Քնար Գրիգորյանը, ապա խոսել եղբոր որդու՝ Գևորգի հաջողություններից։

«Գևորգը շարունակեց երազանքի հետևից գնալ։ 2023 թվականին անվճար ընդունվեց Երևանի պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» բաժինը` իր երազանքին ձուլելով եղբոր` Վաղարշակի չիրականացված երազանքը։ Այժմ նա 1-ին կուրսի ուսանող է»։

Վաղարշակը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին զոհն էր։ Թշնամին առաջին հարվածով թիրախավորել էր դպրոցը, ճիշտ այն ժամին, երբ դպրոցականները դասի էին գնում։

Քնար Գրիգորյանը պատմել է նաև Վաղարշակի մտերիմ ընկերոջ՝ Էդվարդ Սարգսյանի մասին։

«Երկուսն էլ Հերհեր գյուղից էին, երկուսի հայրերը` ՊԲ սպաներ և ընտանիքներով տեղափոխվել էին Ներքին Ճարտար։ 2016թ ապրիլի 2-ին Վաղարշակը գնաց Էդոյին կանչելու, որ միասին դպրոց գնան, ասել էր՝ «կարևոր բան ունի ասելու»։ Էդվարդը դեռ պատրաստ չէր, չէր նախաճաշել։ Բայց երբ արկը պայթել է, նա առաջինն է գնացել Վաղարշակին փնտրելու»,- պատմել է Քնարը։ Ընկերները պատմել են, որ Էդվարդն իրեն չէր ներում, որ Վաղարշակի հետ չի գնացել և անընդհատ ուզում էր իմանալ, թե կարևոր ի՞նչ պիտի նրան ասեր։

«Էդվարդը հաճախ էր այցելում Վաղարշակի գերեզմանին։ Նրա ծննդյան օրը` հունվարի 19-ին, ու զոհվելու օրը` ապրիլի 2-ին, առաջինը միշտ նա էր այցելում։ Անցած տարի արդեն ժամկետային զինծառայող Էդվարդ Սարգսյանը չկարողացավ գնալ, բայց ծնողները նրա փոխարեն գնացին»,- Քնարը խոսքը թողել է կիսատ, ապա շարունակել․ «Հիմա Էդվարդն էլ Վաղոյի մոտ է»…

«Նա զոհվեց 2023-ի սեպտեմբերյան մարտերում և ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Վաղարշակի հարազատները նրա ծննդյան օրը Էդվարդի գերեզմանին են այցի գնացել` մտածելով, որ մտերիմ ընկերները կրկին միասին են և Էդվարդն արդեն գիտի, թե ինչ էր ուզում իրեն ասել Վաղարշակը»։

MediaHub-ը պատմել է նաև Էդվարդի մասին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: