10 տարի իմ վրա սռոկ եմ վերցնելու». Մարտին Ամիրխանյանը խոստովանել է՝ ինքն է հրկիզել Արիաննա Հովսեփյանի ավտոմեքենան…ո՞րն է եղել դրդապատճառը…բացառիկ

NewsPress.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը տեսանյութ էր հրապարակել եւ տեղեկացրել, որ փորձել են հրդեհել իր ավտոմեքենան։ Նա նշել էր, որ գիտի, թե ով է տեղի ունեցածի հեղինակը, իսկ ավելի ուշ արդեն կատարողը՝ Մարտին Ամիրխանյան անուն-ազգանունով անձը, իր ֆեյսբուքյան էջում խոստովանել էր, որ վերոնշյալն իր ձեռքի գործն է:

«Իրավունք»-ի հետ զրույցում Ա. Հովսեփյանն ասել է, որ, իր տեղեկությունների համաձայն, Մ. Ամիրխանյանն արդեն ոստիկանությունում է: Նա հույս է հայտնել, որ վերջինս օրենքի սահմաններում իր պատիժն անպայման պետք է կրի:

— Ո՞վ է Մարտին Ամիրխանյանը, ինչո՞ւ է գնացել նման քայլի, Դուք ճանաչո՞ւմ էիք միմյանց:

— Նա իմ մտերիմ ընկերուհու ամուսինն է: Նրանք ամուսնալուծության շեմին են գտնվում՝ կնոջը սպանության սպառնալիքների, երեխաներին տանից դուրս հանելու եւ փողոցում թողնելու պատճառով: Ես օգնել եմ իմ մտերիմ ընկերուհուն, քանի որ այս դեպքից առաջ էլ մեքենան էր գաղտնի, կնոջ անունով տարել եւ գրավադրել: Գնացել ենք, «լոմբարդից» մեքենան հանել ենք, իրեն չենք տվել: Եվ տեսնելով, որ ես իր կնոջն եմ սատարում, ինձ եւս սպանության սպառնալիքներ էր ուղղում: Ասում էր՝ «երկուսիդ էլ սպանելու եմ, ես կորցնելու ոչ մի բան չունեմ, 10-ը տարի իմ վրա սռոկ եմ վերցնելու»: Փաստացի նա խաղում է իր կնոջ անվան հետ, չի մտածում երեխաների մասին, գտնվում է ոչ ադեկվատ վիճակում, բայց բոլորի մոտ ներկայանում է, որպես «լավ տղա»: Մինչդեռ լավ տղեն իր կնոջն ու երեխաներին այս ձմեռ օրով տանից դուրս չի հանում եւ տան կողպեքն էլ չի փոխում:

— Մարտին Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում խոստովանել էր, որ ինքն է հրդեհել մեքենան։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Նա առանց ամաչելու իր էջում դրել է իր նկարը եւ գրել, թե ինքն է այդ ամենն արել՝ անձնական խնդիրներով պայմանավորված: Դու ո՞վ ես, որ իմ հետ անձնական խնդիրներ ունենաս: Նա անգամ չի մտածել իր դպրոցական երեխաների մասին: Երեխաներն ամեն օր լաց են լինում եւ ասում. «Արիանա քուրիկ, կգա՞ս մեր տուն, որ պապան հանկարծ մամային չծեծի, չվնասի»: Ես մինչեւ վերջ գնալու եմ, նա իրականում իր ասած «սռոկը» պետք է վերցնի իր վրա: Էլ ի՞նչ ասես մի մարդու, որը երեխաների մոտ երկու անգամ կնոջ վրա դանակ է քաշել, ես եմ հասել, որ տեղի չունենա անդառնալին: Միշտ աշխատել եմ, որ համերաշխ ընտանիք մնան, ինքն ուշքի գա, որ այսպես չի կարելի, ունի նորմալ ընտանիք, նորմալ երեխաներ:

— Փաստորեն, կարո՞ղ ենք արձանագրել, որ տեղի ունեցածի մեջ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա:

— Այս անգամ՝ ոչ, քաղաքական ենթատեքստ չկա: Ոխ է ինձնից հանել, որ ես կանգնել եմ իր կնոջ կողքին եւ սատարում եմ նրան: Փողոցից ես եմ վերցրել ու տարել տուն, երբ նա իր կնոջն ու երեխաներին դուրս է հանել տանից, չի թողնում նույնիսկ շորեր, գրքերը վերցնեն:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում