Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում․ Ալեն Սիմոնյան

Ոչ միայն Չեխիան, այլև բոլոր միջազգային գործընկերները պետք է հնարավորինս ճնշումներ գործադրեն՝ տարածաշրջան խաղաղություն բերելու հարցում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, Երեւանում Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ խոսնակն ընդգծեց, որ Հայաստանը բազմիցս ասել է, որ պատրաստ է ու ամեն ինչ անում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար։

«Բայց մենք տեսնում ենք, որ մեր հարևան երկիրն այդ առումով այդքան աչքի չի ընկնում։ Միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի այն բոլոր քայլերին, որոնք ուղղված են այդ խաղաղությունը հաստատելու տապալմանը: Ադրբեջանը բազմիցս հրաժարվել է միջազգային տարբեր հարթակներում առաջարկվող հանդիպումներից։ Ինձ մոտ տպավորություն է, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում: Այն պարագայում, որ քաղաքական ցանկության դեպքում ես չեմ տեսնում որեւէ կտրուկ պատճառ, որ կարող է խանգարել խաղաղության համաձայնագիրը հավասարության եւ այն բոլոր սկզբունքների հիման վրա, որոնք հուլիսին Շառլ Միշելի ներկայությամբ համաձայնեցվել են Ադրբեջանի նխագահի եւ վարչապետի հետ, իրականացվեն: Մենք չենք հասկանում՝ ինչպե՞ս կարելի է գալ համաձայնության, ունենալ հայտարարություն, որն արվել է Շառլ Միշելի կողմից եւ մինչ օրս այդ հիմնարար սկզբունքների հիման վրա չունենալ խաղաղության համաձայնագիր», — հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Նա հավելեց, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում