Ձերբակալված փոխնախարարը նպատակ է ունեցել լքել երկիրը

Ձերբակալված փոխնախարարը նպատակ է ունեցել լքել երկիրը
Mediahub-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի հրամանագրով պաշտոնից ազատված էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը ժամեր անց ձերբակալվել է։

Բացի այդ, իրավապահ մարմինները, ի մասնավորի՝ Ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացրել էկոնոմիկայի նախարարությունում։ Մենք տեղեկացանք, որ Իսպիրյանից բացի ԱԱԾ-ն տարել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային վարչություններից մեկի պետին։

Ուշագրավ է, որ Անի Իսպիրյանը, ինչպես մեզ փոխանցեցին մեր աղբյուրները, դեռ ամիսուկես առաջ էր ազատման դիմում գրել, որ հեռանար, բայց չէին ստորագրում։ Այսօր, հետաքրքիր զուգադիպությամբ, Փաշինյանը մակագրել է նրա դիմումն ու անմիջապես հետո նրան ձերբակալել են։ Ի դեպ, Իսպիրյանը հեռացման դիմում գրելով՝ նպատակ է ունեցել լքել Հայաստանն ու տեղափոխվել արտերկիր, ինչի մասին այսօր չի թաքցրել նաև նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ իր տեղակալն ուզում էր տեղափոխվել Նիդերլանդներ։ Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ։

Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս․ Անի Իսպիրյանը փոխնախարար լինելուց զատ՝ հանդիսանում էր նաև ԱՆԻՖ-ի (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ) տնօրենների խորհրդի անդամ, իսկ ընդամենը օրեր առաջ նշանակվել էր նաև տնօրենների խորհրդի նախագահ։

Նախնական տեղեկությամբ՝ Իսպիրյանին ձերբակալել են չարաշահումների կամ, ինչպես նախարարությունից են թափանցիկ ակնարկ անում, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, և հավանական են համարում, որ նա կապ ունի հենց ԱՆԻՖ-ում տեղի ունեցած չարաշահումների հետ, որի պատճառով նաև վերջերս փակվեց Ֆլայ Առնա ավիաընկերությունը, ինչի մասին գրել էր Mediahub-ը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում