ԵԿՄ կամավորական Գոռ Ասատրյանը հանկարծամահ չի եղել. նրան սպանել են

ԵԿՄ կամավորական Գոռ Ասատրյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրվել է, որ նա սպանության զոհ է դարձել, գրում է Փաստինֆո-ն։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ԵԿՄ-ն հայտնեց, որ նախնական տվյալներով՝ փետրվարի 12-ին հանկարծամահ է եղել Ներքին Հանդում ծառայության մեջ ներգրավված երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ռազմիկի Ասատրյանը։

Հանկարծամահության վարկածն ի սկզբանե կասկածելի էր Ասատրյանի ընտանիքի անդամների համար, որոնք փաստվեցին քննության արդյունքներով։

Մասնավորապես, ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ 2024թ․ փետրվարի 12-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ ԵԿՄ անդամ Գ․ Ասատրյանը առավոտյան քնից չի արթնացել և, ըստ նախնական տվյալների՝ հանկարծամահ է եղել: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին։

«Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ կատարված դիահերձման, ինչպես նաև այլ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Կ․-ի և Գ․ Ասատրյանի միջև ծագած վիճաբանությունից հետո, փետրվարի 12-ի գիշերը՝ 00․05-ի սահմաններում, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարված է հասցրել մահճակալին պառկած Գ․ Ասատրյանի պարանոցի շրջանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել է»,- նշել է Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ․Կ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում