Չի բացառվում, որ Ադրբեջանը 4 գյուղերին հասնելու ճանապարհին կդիմի նաև ուժի կիրառման․ Տիգրան Աբրահամյան

Պաշտոնական Բաքուն Հայաստանից պահանջում է հանձնել Տավուշի մարզից 4 գյուղ։ Թե ինչ է պատրաստվում անել Հայաստանի իշխանությունը՝ պարզ չէ։ Ոչ մի պարզաբանում, ոչ մի հաղորդագրություն, ոչ մի տառ ու բառ այս մասին դեռ չի հնչել։

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խնդրահարույց է համարում այն հարցը, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները քննարկվում են բացառապես Հայաստանի հանձնվելիք տարածքների կամ հայաստանյան կողմում արձանագրվող կորուստների համատեքստում։

«Այն, ինչ ենթադրում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը, վաղուց արդեն շեղվել է իր բնականոն հունից, քանի որ դրա կետերից մեկը վերաբերվում էր Արցախի խնդրին, և Ադրբեջանը ռազմական գործողությունների միջոցով փաստացի օրակարգից հանել է այն։ Հիմա, այս փուլում, ակնհայտ է, որ Ադրբեջանը սահմանազատման հետ կապված ճնշումներ է գործադրում, որոնք նաև ուղեկցում է շանտաժի էլեմենտներով։ Դրանցից մեկը վերջին շրջանում Ադրբեջանից հնչող ակտիվացած հայտարություններն են այն մասին, որ Հայաստանի 8 գյուղերից 4-ը պետք է անհապաղ հանձնվի Ադրբեջանին։ Դրանք այն 8 գյուղերն են, որոնցից 4-ը անկլավի կարգավիճակ ունեն, իսկ 4-ը՝ ոչ, հենց վերջիններիս մասին է խոսքը։ Ադրբեջանը ջանքեր է գործադրում դրա դիվանագիտական, քարոզչական, քաղաքական նախապատրաստման համար, և չի բացառվում, որ դրան հասնելու ճանապարհին կդիմի նաև ուժի կիրառման»,- LifeNews.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը։

Հարցին, թե ինչպես կանխել նման աղետը, պատգամավորը պատասխանում է․ «Այս իշխանությունների պարագայում նման քննարկումն անիմաստ է։ Հայաստանի դեմ ուղղված այս մարտահրավերների հաղթահարման ճանապարհը Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխություններն են, առանց դրա որևէ լուրջ ակնկալիք պարզապես չի կարող լինել։ Ժամանակը ցույց է տվել, որ այս տարիների ընթացքում իշխանությունը որ պրոցեսի մեջ մտել է, Հայաստանը այդտեղ կորուստ է ունեցել։ Իշխանությունից ազատվելու համար համախմբում է պետք, որը տեղի կարող է ունենալ միայն գաղափարի շուրջ և այն ուժերի մասնակցությամբ, որոնց իրական նպատակը իշխանության փոփոխությունն է։ Այս տարիների ընթացքում տարբեր փորձեր եղել են, այդ թվում՝ փողոցային պայքարի միջոցով։ Նպատակին հասնելու ճանապարհը եղած հիմնական ռեսուրսների մոբիլիզացիան պետք է լինի»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանական ԶԼՄ-ներն ակտիվորեն տարածում են մարտի 9-ին փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրությունը, որտեղ ասվում է․

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման հանձնաժողովի անդամները մինչ այսօր արդեն ունեցել են 7 հանդիպում և սահմանազատման ուղղությամբ աշխատանքները ընթացքի մեջ են։ Ադրբեջանը սակայն չի ընդունում վերջին ժամանակներս հայկական լրատվամիջոցների տարածած այն լուրերը, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից օկուպացված 4 ադրբեջանական գյուղերին (Բաղանիս, Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի և Կըզըլ Հաջիլի), ապա դրանց պատկանելությունը Ադրբեջանին անվիճելի է, և դրանք ենթակա են անհապաղ ազատման։ Սահմանազատման գործընթացի շրջանակներում կլուծվի նաև Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի 4 էքսկլավային գյուղերի (Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլի և Տիգրանաշեն) ազատագրման հարցը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում