«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը՝ Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մի բան հստակ է, թե մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից խոսք ուղղեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին․ «Գնե՛լ Սանոսյան, չգիտեմ՝ ինչ ճանապարհով հայտնվել ես նախարարական աթոռին, բայց այդ ծառայությունդ էժան չի նստելու։ Դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է։ Եվ դու էլ լծվել ես այդ ստի իրականացմանը՝ ուղղակիորեն։

Գյուղացիներին գնում, համոզում ես, գումարներ առաջարկում»։

Սրբազանն ասաց՝ այս ընթացքը պետք է կասեցնել։

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից հրապարակային խոսք ուղղեց նաև իշխանության անդամներին, ՔՊ-ականներին.

«Այսօր տեսե՞լ եք տեսանյութը՝ Ալիևը ի՛նչ երաժշտություն դրած էր Արցախում ման գալիս։ Ծաղրանք։ Ես ամբողջ ՔՊ-ի պատգամավորական թիմին եմ ասում, կառավարության անդամներին եմ ասում, այդ փորձագետ կոչվածներին եմ ասում, ծախու գրչակներին եմ ասում, բոլորին՝ ֆեյք- մեյք, ինչ կաք՝ չկաք, բոլորիդ՝ գոնե մի բառ ասեք այդ մարդուն։

Ձեզ չի ծաղրում մենակ, բոլորիս է ծաղրում։ Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած, «Նոլդու Փաշինյան» երգը՝ Արցախով պտտվում է։ Մի բառ ասեք, տղամա՞րդ չեք, հազիվ հարձակվում եք այս ժողովրդի վրա՝ ատամները սրած՝ փորձելով ինքնադրսևորվել։ Դե խոսեք, արձագանքեք։ Մի կողմից ծաղրում է ձեզ, մի կողմից ստիպում, որ ձեր հայրենիքը զիջեք՝ կտոր առ կտոր։ Խոսեք»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում