Ամոթ ու նախատինք ձեզ բոլորիդ, որ հրաման տվեցիք և այդ ստոր հրամանը կատարեցիք, ամոթ ու նախատինք ձեզ բոլորիդ, որ անզգամաբար մասնակցեցիք այդ խայտառակությանը

Սարդարապատի սուրբ կոթողի առջև մի խումբ ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ, պատճառաբանելով պետական արարողակարգի արգելող հրամանը, անամոթաբար և անպատկառ կերպով կանգնեցին Ամենայն Հայոց Հայրապետի և Նորին Սրբությանն ուղեկցող հոգևորականների առջև՝ արգելելով մոտենալ սուրբ կոթողին՝ աղոթք մատուցելու և հարգանքի խոնարհում բերելու:

Ոչ միայն կանգնեցին, այլև քաշելով ու հրելով փորձեցին կանգնեցնել Հայոց Հայրապետին ու Հայրապետական թափորը:

Եվ այս ամենին Հուշակոթողի մոտից լուռ հետևում էին ԱԺ նախագահության անդամներ, պատգամավորներ, պետական պաշտոնյաներ…

Նայում էին, թե ինչպես են անարժանապատիվ որոշ ուժայիններ հոգևորականներին և Հայոց Հայրապետին հրում ու քաշքշում:

Ամոթ ու նախատինք ձեզ բոլորիդ, որ հրաման տվեցիք և այդ ստոր հրամանը կատարեցիք, ամոթ ու նախատինք ձեզ բոլորիդ, Խորհրդարանի այդ պահին ներկա ղեկավարներ ու անդամներ, որ անզգամաբար մասնակցեցիք այդ խայտառակությանը:

Անմիտներ, այդ Հուշակոթողի ճանապարհն իր ժամանակին Իր հերոսական պահվածքով ու կոչով ու գործողություններով բացել են Հայոց Կաթողիկոսը և նաև զինվորյալ հոգևորականները: Եվ հիմա դուք համարձակվում էիք խոչընդոտե՞լ, փակե՞լ Հայոց Հայրապետի մուտքը դեպի Հուշակոթող. ստացա՞ք արժանին: Անարգված անոթների պես, ի վերջո, աջ ու ձախ շպրտվեցիք, և Հայոց Վեհափառ Հայրապետի թափորը բարձրացավ ու մոտեցավ Հուշակոթողին:

Իսկ դուք, խայտառակությանը ներկա երեսփոխաններ ու պետական պաշտոնյաներ, մնացիք պատերի տակ մեղկացած կանգնած:

Դուք ձեզ հերթական անգամ տրորեցիք ու ոչնչացրեցիք, դուք ինքներդ հերթական անգամ փաստեցիք, որ Հայոց Պետության ու ազգային արժեքների հետ ոչ մի աղերս չունեք: Այլևս ապաբարոյական կերպարներ եք:

Հայոց Եկեղեցին ազգային բացարձակ արժեք է, և այս սուրբ հաստատությունը խտացյալ կերպով ներկայանում է միմիայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծյալ անձով, Ով մարմնացումն է Հայոց Հայրապետության սուրբ գաղափարի: Հետևաբար, անմիտ ու անզգամ արարքով դուք ձեռք բարձրացրեցիք բովանդակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա:

Ամենայն խստությամբ դատապարտում եմ այդ գործողությունը և բոլոր նրանց, որոնք հրաման տվեցին, գործադրեցին և լուռ ներկա գտնվեցին:

Սակայն, ինչպես երեկ, նույնպես այսօր և ընդմիշտ կբացվեն բոլոր ճանապարհները Հայոց Հայրապետի և Իր առաջնորդությանը հանձնված Հայոց Եկեղեցու առջև:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զինվորյալ միաբան

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: