Տանը պատրաստում ենք շատ համեղ և քաղցր սուջուխ

10 կգ սուջուխի համար անհրաժեշտ է

2,5 կգ ընկույզի միջուկ,


26 լ խաղողի շիրա կամ 11-13 լ դոշաբ,
2,5 կգ ալյուր,
4 գ մեխակ,
4 գ դարչին,
6 գ հիլ:

Պատրաստելու համար պետք է ընտրել խոշոր, բարակ կեղև ունեցող ընկույզ, լցնել ջուրը և թողնել 5-6 ժամ:Ջրից հանել, ցամաքեցնել, զգուշությամբ ջարդել, այնպես, որ չփշրվեն միջուկները, երկու կես անել և շարել մոտ 1 մետր երկարությամբ վուշե թելի վրա:

Շարելուց հետո կախել պարանից, որ չորանա: Այդպես թողնել 4 -5 օր: Շփոթը պատրաստելու համար վերցնել խաղողի խտացրած օշարակ (խաղողի հյութը եփել այնքան, որ մնա իր ծավալի կեսի չափ, եթե խաղողը քաղցր է, ավելի քիչ եփել):Կարելի է նաև դոշաբ օգտագործել, որը պետք է խառնել ջրին հավասար քանակությամբ և 30 րոպե եռացնել: Հետո ալյուրը ջրով բացել,անցկացնել թանզիֆի միջով և աստիճանաբար լցնել օշարակի կամ դոշաբի վրա:

Լավ խառնել, մինչև պնդանա: Շթոթի մեջ ավելացնել դարչին, մեխակ: Պատրաստ լինելն իմանալու համար 1 գդալ շփոթ լցնել ափսեի մեջ և սառեցնել․ եթե դոնդողանման է, ուրեմն՝ պատրաստ է: Կրակից վերցնելուց 15 րոպե առաջ ավելացնել համեմունքներ: Թելով շարած ընկույզն ընկղմել շփոթի մեջ, մի քանի վայրկյան պահել, հանել և կախել չորանալու, թողնել 30-40 րոպե, նորից ընկղմել շփոթի մեջ և նորից կախել վերջնական չորանալու համար:

Կախանի տակ դնել ամաններ: Սուջուխի չորացումը տևում է 10-15 օր: Չորացած սուջուխը պետք է կտրատել 25-30 սմ երկարությամբ, թաթախել փշատի ալյուրի մեջ կամ բոված ալյուրի մեջ և պահել չոր, սառը տեղում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում