Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Թեհմինե Խաչատրյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է «Մենք փնտրում ենք հարսնացու», «Գերիները» և այլ հեռուստասերիալներից: Դերասանուհին աշխատում է Ստանիսլավսկու անվան դուսական դրամատիկական թատրոնում:
-Ձեր մանկության երազանքը:
– Մանուկ ժամանակ երազում էի մի ժամացույց ունենալ, որ ժամանակը ամառվա վրա կանգ առներ, միշտ արև լիներ: Մինչև հիմա եմ երազում դրա մասին:
– Ամենատպավորիչ նվերը, որ երբևէ ստացել եք:
– Վերջերս Վլադիվոստոկում մասնակցում էինք շատ լուրջ թատերական փառատոնի: Ներկայացումից հետո մեր նախկին տնօրեն Մարիաննա Մխիթարյանը ինձ նվիրեց մի մատանի, որը շատ խորհրդանշական էր ինձ համար և շատ արժեքավոր ու տպավորիչ:
– Ինչո՞վ է օգնում և խանգարում դերասան լինելը:
– Դերասան լինելը իմ պարագայում շատ ավելի օգնում է, քան խանգարում, ամեն հարցում, և՛ կենցաղում, և՛ կյանքում:
– Ինչի՞ եք պատրաստ հանուն դերի՝ բաց տեսարաններ, մազերից հրաժարվել և այլն:
– Ընդհանրապես թատրոնը ինձ համար սահմաններ չունի, հանուն հետաքրքիր ներկայացման և հետաքրքիր ռեժիսորի հետ աշխատելու արդյունքում կարող եմ և՛ սափրել գլուխս, և՛ բաց տեսարաններ ունենալ, եթե այդ ամենը արդարացված և էսթետիկ լինի:
– Բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:
– Քչերը գիտեն, որ ես ահավոր ամաչում եմ, երբ ինձ ճանաչում են: Իրականում դերասանին հարիր չէ, բայց ես ամաչում եմ այդ փաստից: Միշտ խառնվում եմ իրար, երբ փողոցում, կամ հանրային մեկ այլ վայրում լինում եմ ուշադրության կենտրոնում:
– Երևանում ի՞նչն եք ամենաշատը սիրում:
– Երևանում ամեն ինչն եմ սիրում: Ամենաշատը կենտրոնի նեղլիկ ու հին փողոցները, Կասկադը: Շատ հաճախ բարձրանում եմ Կասկադով վերև ու նայում իմ Երևանին:
– Ժամանց բնության գրկո՞ւմ, թե շքեղ ռեստորանում:
– Միանշանակ բնության գրկում հանգիստ, կարող եմ ժամերով պառկել խոտերի մեջ, անվերջ նայել գեղեցիկ սարերին, երկնքին և էներգիա ստանալ, լիցքավորվել:
– Ինչի՞ մասին եք երազում:
– Երազում եմ, որ մեր երկրում, մենք ու մեր երեխաները էլ պատերազմ չտեսնեն:
– Քաղաքական գործիչ, ով ազդում է Ձեր նյարդերին:
– Ընդհանրապես քաղաքականությունն է ազդում իմ նյարդերի վրա: Մաքսիմալ փորձում եմ հեռու մնալ այդ ամենից և բոլորից…կոնկրետ մարդու անուն չեմ կարող նշել:
– Ի՞նչ կփոխեիք Հայաստանում:
– Հայաստանում կուզեի փոխվեր մարդկանց փոխհարաբերությունները: Կուզեմ, որ մարդիկ իրար ավելի շատ սիրեն, ատելությունն ու չարը չիշխեր, ինչպես հիմա: Կուզեի՝ Հայաստանում մարդիկ ավելի շատ գնահատեին սերն ու բարձր արժեքները: