Ռուբեն Մխիթարյանի հեղինակած, «Հայաթ փրոջեքթ Գյումրիի» ներկայացրած «Ես Քո Արցախն եմ, Դու իմ Հայաստանը» երգը 4 օրում հասցրել է դառնալ հիթ՝ հուզելով ու գրավելով շատերի սրտերը։ Այս երգը դարձել է ոչ միայն վերջին օրերի ամենալսվածը, այլ ամենաքննարկվածը․ «Փշաքաղվեցի», «Հոգեցունց կատարում», «Անվերջ կարելի է լսել, շատ հուզական է», «Եթե երգի հեղինակը Ռուբեն Մխիթարյանն է, կասկած չկա, որ երգը մտնելու է մարդկանց սրտերը», նման հույզերով են կիսվել օգտատերերը՝ յուրովի մեկնաբանելով երգի իմաստը։ Որոշ մարդիկ էլ առաջարկել են այն դարձնել Հայաստանի հիմնը։
Aravot.am-ը հեղինակին՝ Ռուբեն Մխիթարյանին խնդրեց մեկնաբանել երգը․ ինչո՞ւ հենց այս պահին գրվեց այն, ի՞նչ ուղերձներ է պարունակում։ Հեղինակը մեզ հետ զրույցում ասաց, որ երգն իրականում գրվել է ավելի շուտ, սակայն ներկայացրեցին սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, քանի որ ինքը՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երբեք անտարբեր չի կարող լինել Արցախի, արցախահայության ճակատագրի հանդեպ։
«Ես հստակ գիտակցում էի՝ տեղի է ունենում մի գործընթաց, որով փորձում են ընդհանրապես մոռացության մատնել Արցախ հասկացողությունը։ Ու մոռացության մատնել ոչ թե որպես նախկինում երկրորդ հայկական հանրապետություն, ոչ թե որպես նախկինում մեր հաղթանակների խորհրդանիշ, ոչ թե որպես այն հենասյունը, որի վրա ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը, որով Հայաստանը հետաքրքիր էր աշխարհին, այլ մոռացության է մատնվում որպես երևույթ, որպես նույնականացման, գիտակցական հիշողություն։ Որոշել են ջնջել այդ հասկացողությունը, ջնջել պետական հեռուստաալիքներից, ջնջել եղանակի տեսությունից, որովհետև նույն մարդը, որը մինչ այդ որոշում է, ասում է՝ Արցախում այսպիսի եղանակ պիտի լինի, հաջորդ օրն արդեն հանգիստ խղճով սկսում է Լեռնային Ղարաբաղ անվանել տարածքը։
Մանրամասն կարդացեք ԱՅՍՏԵՂ