Վարչապետ Փաշինյանը 4 թանկարժեք նվեր է ստացել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ԿԿՀ ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթից»։
Նշենք, որ նվերները Փաշինյանը ստացել է օգոստոսին, սակայն ձևաթղթերը ներկայացված են սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանից օգոստոսի 19-ին նվեր է ստացել ԻԻՀ Սպահան քաղաքում ծագած նոր և զարգացող «Մես-Պարդազ» տեխնիկայով պատրաստված քաղցրավենիքի ձեռագործ պղնթյա անոթ՝ 45 սմ բարձրությամբ։ Նվերը գնահատվել է 347.494 դրամ։
Երկրորդ նվերը նա ստացել է Բուլղարիայի փոխվարչապետից։ Այն 119.092 դրամ արժողությամբ հուշանվեր է՝ արծաթե փոքրիկ ամֆորա։
Օգոստոսին ևս մեկ նվեր Նիկոլ Փաշինյանը ստացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինից։ Նվերը «Խաղաղություն և ներդաշնակություն» անվանում կրող ծաղկաման է՝ պատրաստված կլուազոնե էմալով, փայտի և մետաղի փորագրության տեխնիկայով։ Դրա արժեքը գնահատվել է 370.550 դրամ։
Վերջին նվերը, որն օգոստոսին ստացել է Նիկոլ Փաշինյանը, կրկին Չինաստանի նախագահից է՝ 403.820 դրամ արժողությամբ. Այն հին չինական ավանդական գինու անոթ է՝ պատրաստված պղնձից, փոյտից, էմալից։
Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար թույլատրելի նվերներ են՝
պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի ժամանակ տրվող նվերները կամ կազմակերպվող հյուրասիրությունը,
հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները,
սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը,
ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը,
կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում,
օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող արարողակարգային նվերները։
Հավելենք, որ եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված, և սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված նվերների արժեքը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը, ապա դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն և հաշվառվում են որպես այդպիսին։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են այդ նվերները կառավարության սահմանած կարգով հանձնել պետությանը կամ համայնքին։
