Երեկ՝ օգոստոսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Ռազմիկ Ա.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 47 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Նորայր Ա.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա հերթապահ, հատկապես կարևոր գործերով քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել դեպի Երևան ընթացող ճանապարհի հանդիպակաց գոտում, քանի որ դեպի Երևան ճանապարհի այդ հատվածը ասֆալտապատվում էր ու երթևեկությունը տեղի էր ունենում հանդիպակաց։
«Volkswagen»-ի վարորդն էլ այն վարել է բավականին արագ, քանի որ հարվածի վայրից մոտ 40 մետր հեռավորության վրա է հայտնաբերվել մահացածը, իսկ ավտոմեքենան էլ՝ մոտ 150-200 մետր հեռավորության վրա։
Տեղում իրավիճակը մի պահ լարված էր և շնորհիվ Հրազդանի ոստիկանների և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկների՝ ամեն ինչ հանդարտվեց։
