Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, առաջինը օգնության են հասել այդ պահին վթարի վայրով անցնող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «Սինոիդրո» ընկերության անվտանգության ղեկավար Աշոտ Ռևազյանը, «Ալմի» ընկերության տնօրեն Ահարոն Հարոյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի ծառայողներ Կարապետ Բաղրամյանը և Արմենակ Խափանցյանը, նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա սեփական ու ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Գրիգորյանը և Վաղարշակ Յազիչյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչիկ Պողոսյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
