ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է։ Դաշնային դատավորը նրան արդեն դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Հետաքննությամբ պարզվել է, որ նա կազմակերպել էր առողջապահական խարդախության 45 միլիոն դոլարի մի սխեմա. տարիներ շարունակ Medicare-ից գումար էր ստանում կեղծ և ավելորդ բոտոքսի պրոցեդուրաների համար, որպեսզի ֆինանսավորի իր շռայլ կյանքը:
Մայիլյանը Գլենդելում տնօրինում էր «Healthy Way Medical Center» կլինիկան, որն ներկայանում էր որպես կոսմետիկ բուժումներ մատուցող հաստատություն: Ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության՝ Medicare-ը բոտոքսի ներարկումների համար փոխհատուցում է տրամադրում միայն այն դեպքում, երբ դրանք կլինիկապես փաստաթղթավորված են և առաջնային բժշկի կողմից ուղեգրված՝ քրոնիկ միգրենի բուժման նպատակով: Մայիլյանն սակայն հաշիվներ էր ներկայացնում հազարավոր ներարկումների համար, որոնք կա՛մ կոսմետիկ էին, կա՛մ առանց ուղեգրի, կա՛մ ընդհանրապես երբեք չէին կատարվել:
Ապացույցները ցույց տվեցին, որ Մայիլյանը ավելի քան 19 միլիոն դոլարի հաշիվ էր ներկայացրել այնպիսի օրերի համար, երբ իր կլինիկան փակ էր: Հաճախ հաշիվներ էր ուղարկում հանգստի ժամանակ՝ Կաբոյից, Մաուիից, Լաս Վեգասից, Փենսիլվանիայից և Նյու Յորքից: Կաբոյի ճամփորդություններից մեկի ժամանակ, մինչ լողափում հանգստանում էր, Medicare-ին ներկայացրել էր ավելի քան 200 հազար դոլարի հաշիվ Կալիֆորնիայում իբր կատարված պրոցեդուրաների համար: Արդարադատության նախարարության հրապարակած լուսանկարներից մեկը, որ նա այդ օրը Կաբոյից ուղարկել էր իր հեռախոսով, նույն օրն է, երբ նա Medicare-ին 34․560 դոլարի հաշիվ էր ներկայացրել Գլենդելում իբր մատուցված ծառայությունների համար:
Գողացված գումարներով նա գնել էր Tesla Model X և Tesla Cybertruck, չորս անշարժ գույք Սերֆսայդում և Գլենդելում, 3000 դոլար արժողությամբ նկար և 12․000 դոլար արժողությամբ՝ 17-րդ դարի անտիկ աղեղնազեն՝ արբալետ:
15 տարվա ազատազրկմանը զուգահեռ դատարանը հրամայել է բռնագանձել ավելի քան 16 միլիոն դոլարի անշարժ գույք, բանկային միջոցներ և բրոքերային հաշիվներ, ինչպես նաև պարտադիր փոխհատուցման կարգով վճարել 3․2904049 դոլար:
Դատավճիռը կայացնելիս դատարանը խստորեն դատապարտել է նրա արարքները նշելով, որ խարդախությունը «իսկապես ապշեցուցիչ էր իր մասշտաբով և ցնցող իր տևողությամբ», իսկ նրա գործողությունները «գրեթե անհավանական էին իրենց լկտիությամբ»:
Արդարադատության նախարարության խարդախության դեմ պայքարի ազգային բաժնի գլխավոր դատախազի օգնական Քոլին Մաքդոնալդը շեշտել է, որ տվյալների վրա հիմնված այս մոտեցումը լույս կսփռի երկրի տարբեր մասերում խարդախության սխեմաների վրա և թույլ չի տա, որ որևէ բժիշկ նման լկտի եղանակով թալանի Medicare-ը: Միացյալ նահանգների առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության գլխավոր տեսուչի գրասենյակը նշել է, որ նրա արարքները «հիվանդների և հանրային վստահության բացահայտ դավաճանություն» էին:
