«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին

 

 

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարից 1 շաբաթ անց բեռնատար ավտոմեքենայի վարորդը՝ 41-ամյա Յ. Դ.-ն, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին մի քանի մեքենայի մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել Ուշիի ոլորաններում, ինչի հետևանքով 9 մարդ էր զոհվել։

Ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում հիվանդասենյակի մուտքի մոտ՝ միջանցքում:

NEWS.am-ն այսօր զրուցել է Յ. Դ.-ի հետ, վերջինս մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից: Տղամարդու խոսքով՝ այդ օրը եգիպտացորենով բարձված մեքենայով Ռուսաստանի Դաշնությունից էր եկել Հայաստան: Ասում է՝ մեքենան սարքին է եղել, Ռուսաստանում տեխնիկական ստուգում է անցել, որևէ թերություն չի հայտնաբերվել: Իսկ վթարը եղել է, քանի որ արգելակներն անսպասելիորեն չեն գործել։

Վարորդի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Մեքենան ես եմ վարել, Լարսը՝ Կազբեկ լեռը, որը ծանր ճանապարհ է, անձամբ ես եմ ղեկին եղել, նորմալ, սաղ անցել եմ, եկել եմ Ապարան, մոտ կես ժամ այնտեղ եմ կանգնել, դրանից հետո կամաց գալուց եմ եղել, տեսել եմ, որ սպուսկ էր, տոռմուզ սեղմեցի, որ ավտոն 7-րդ-ից 4-րդ միացնեմ, ավտոն փախավ, տոռմուզները ատկազ արեցին, ռեզկի արագություն հավաքեց, ինչքան ռուչնիկ կար, քաշեցի մինչև վթարը, բայց ավտոն ոչ մի ձև չկանգնեց, թե պատճառն ինչ էր, ես չեմ կարող ասել։ Վստահ ասում եմ, որ տոռմուզները ատկազ ա տվել, ես վազդուշնի սիգնալ եմ տվել երկար ժամանակ, որ իմ մոտ ավտոյի հետ կապված խնդիր կա, ես հասկացրել եմ մինչև խփելը, որ մի ձև փախնեին։ Ես էլ ուրիշ տեղ չունեի, կամ պետք է վստրեչ հելնեի, կամ էլ իմ գծով պետք է գնայի, իսկ վստրեչ, ինչ ուզում է լինի, ինչքան էլ ավտոն չկանգնի, դու իրավունք չունես վստրեչ հելնես, եթե հելնես, ավտոմատ 100 տոկոս մեղավոր ես լինելու։

Սպուսկի ժամանակ ավտոյի արագությունը ցածրանալու տեղը, կրկնակի արագություն հավաքեց, մահն էր իմ աչքերի դեմը, ես արդեն հասկացել էի, որ ոչ մի բան ի վիճակի չեմ անելու, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ահավոր վիճակ է եղել իմ մոտ, ես փախնելու տեղ չունեի։ Առաջին մեքենային հարվածելուց հետո գիտակցությունս կորել է, աչքերս բացել եմ գետնի վրա ընկած, ավտոն վերևիցս սեղմած։ Եթե չեմ սխալվում՝ աջ կողմի վրա էի պառկած, ավտոն էլ ձախից էր սեղմած։ Գոռում էի՝ օգնեցեք, ձեռս չէի զգում, մտածեցի՝ պոկվել ա։ Ծնոտս չէի զգում, օգնություն էի կանչում։ Մարդիկ եկան, ասեցին՝ էս տղեն սաղ ա, լապատկեքով եկան, հողը քանդեցին, ինձ ավտոյի տակից հանեցին․․․

Մի բան գիտեմ՝ պրիցեպի տոռմուզի սիստեմը լրիվ թազա է՝ կալոդկա, շլանգ․․․ լրիվ թազա է դրված։ Պարաշյուտի սիստեման, որ միացնում ես՝ սաղ սիստեմայի օդը տանում ա պրիցեպ, չի աշխատել, եթե աշխատեր, քարի պես կկանգներ։ Ավտոյի ընդհանուր գռուզը թույլատրելի 40 տոննա է եղել՝ 39 ու քանիս։ 16 ակից ոչ մեկը տոռմուզ չի տվել։

Մեքենան եղել է իմը, ես գրանցել եմ մայրիկիս անունով, բայց ունեմ լիազորագիր, որ իրավունք ունեմ տիրապետեմ։ Ես օգոստոսին տեղափոխվել էի Հայաստան, թղթերս տվել էի Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, մշտական տեղափոխվում էի, եղածս էլ տեղափոխում էի, որ այստեղ աշխատեմ, բայց այս դեպքը եղավ…

Գանգս է մի քանի տեղից վնասված, ծնոտս է մի քանի տեղից ջարդված, կողոսկրերս, թոքս է ծակվել, վզիս մի ողն է ջարդվել»։

Վարորդի մայրը՝ Գ. Դ.-ն, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տղայից հենց առաջին օրը, երբ տեղափոխել են հիվանդանոց, արյան անալիզ են վերցրել, ինչը ցույց է տվել, որ որդին ո՛չ ալկոհոլ է օգտագործել, ո՛չ թմրանյութ։

«Նա իմ միակ հույսն է, 2 տղաներս, ամուսինս մահացել են: Որպես 2 զավակ կորցրած ծնող շատ լավ հասկանում եմ զոհվածների ծնողներին, հարազատներին։ Մենք ահավոր ծանր ենք տանում այս ողբերգությունը, ամբողջ գիշեր լացել ենք մահացածների համար, հասկանում եմ զոհերի ծնողների, հարազատների վիշտը, բայց դժբախտ պատահար է եղել, արգելակները չեն պահել:

Մեքենան շահագործելուց առաջ տեխզզնում է անցել․ ամեն ինչ կարգին է եղել, եթե հարցում անեն Ռուսաստան տվյալ տեխսպասարկման կայան, այնտեղից կպատասխանեն։ Կամերաներ են եղել, 2 օր մնացել է գարաժում, որ մանրամասն զննություն անեն, փող ենք փոխանցել․․․ Տղաս 4 տարի և ավելի վարել էր հենց այդ մեքենան ու ոչ մի խնդիր չի եղել։

Նա ունի բազմաթիվ կոտրվածքներ, մի քանի վիրահատություն է տարել: Վնասվածքները հիմնականում գլխի շրջանում են։

Ամբողջ գանգոսկրը մշրված է, կարեր են, կրծքավանդակի ոսկորներն են կոտրված, կողոսկրերն են կոտրված, դրանցից մեկը թոքն է մտել, ականջն է կտրվել, հիմա պլաստիկ հավաքում են, ծնոտն է կոտրված, ուսն է կոտրված, պետք է վիրահատեն, նաև վզի հատվածի ողն է վնասված։ Ամբողջ գիշեր չքնեց, ասաց՝ մամա, ես կյանք չէի տվել, բայց ի՞նչ անեմ, որ տոռմուզները չպահեց, անընդհատ այդ պատկերն ա աչքի առաջ»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: