Ամանորյա տորթ. Սուրբ ծննդյան նրբահամ քաղցրավենիք, որն ուղղակի շքեղ է համով և բույրով

Ընկույզով և սպիտակուցներով պատրաստված իսկական ամանորյա տորթի հիանալի բաղադրատոմս՝ նուրբ, շոկոլադե կրեմով։ Ստացվում է աղանդեր, որն ուղղակի շքեղ է համով և բույրով։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ ընկույզ 300գր․, սպիտակուցներ 10 հատ, մի պտղունց աղ, շաքարավազ 200գր, եգիպտացորենի օսլա 40գր․, դեղնուցներ 10 հատ, շաքարավազ 130գր, կաթ 150 մլ․, կակաո 20 գր․, կարագ 200 գր․։

Պատրաստման եղանակը՝

Չոր թավայի մեջ տապակել ընկույզը և դանակով կտրատել։ Սպիտակուցները հարել մի պտղունց աղի հետ և երբ զանգվածը սկսի բարձրանալ մաս-մաս ավելացնել շաքարավազը և շարունակել հարել, մինչև թանձրանա: Սպիտակուցներին խառնել ընկույզը՝ բահիկով զգուշորեն հարել, որպեսզի չքանդվի սպիտակուցային զանգվածի շքեղությունը։

Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և քսել ընկույզ-սպիտակուցային զանգվածը և հարթեցնել: Թխել 170 աստիճան ջերմաստիճանում մոտ 50 րոպե։ Դեղնուցները հարել օսլայի, կաթի, շաքարավազի հետ և եփել թանձր կրեմ։ Վերցնել կրակից, խառնել կակաոն և թողնել սառչի։ Փափկած կարագը հարել, մինչև փարթամ դառնալը և մաս-մաս ավելացնել կրեմը, հարել մինչև հարթվի։ Թխվածքաբլիթը երեք մասի կտրատել ու եզրերը կտրել, ստացված մնացորդները բլենդերով մանրացնել։

Տորթը հավաքել՝ շերտերին կրեմ քսելով, վրան ու կողքերը նույնպես կրեմ քսել և փշրանքներ ցանել։ Թողնել սառնարանում ամբողջ գիշեր։ Տորթը շատ նուրբ է, հագեցած, անուշաբույր:

Իսկական շոկոլադե հրաշք է ստացվում։

Բարի ախորժակ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում