Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է. քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին (Տեսանյութ)

Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է: Այն մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող նոր ճանապարհի ամենակարևոր ու պատասխանատու կառույցն է:

Նոր կամրջի վրայով շինարարների հետ միասին առաջին անգամ անցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարությունն ընթանում է ամբողջ թափով:

Բաբաջանյան – Աշտարակ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 9.4 կմ է, միջին լայնությունը՝ 24մ: Այն ունի 7 ուղեանց, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում:

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Այն ներառում է Հրազդան գետի վրա կառուցված մետաղական կամուրջը, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով – Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույցում:

«Բավականին լավ համագործակցություն եղավ ֆրանսիական նախագծող կազմակերպության, իսպանական, վրացական կազմակերպությունների, ինչպես նաև մեր տեղական կապալառուների հետ: Պետք է նշեմ նաև, որ բավականին լավ արդյունք ունենք, աշխատանքներն ընթանում են ըստ նախանշվածի, խնդիրներ չունենք և ակնկալում ենք, որ արդեն մայիսին ամբողջությամբ կբացենք: Արդյունքում կունենանք մեկ ընդհանուր ճանապարհ, որը հնարավորություն կտա շրջանցել Երևանի կենտրոնական փողոցները»,- նշել է քաղաքապետը:

«Կամրջի շինարարությունը գրեթե ավարտել ենք: Եվրոպական չափանիշներին համապատասխան կառույց է: Վստահաբար կարող եմ ասել, որ գործող ճանապարհից այն ավելի ապահով կլինի և որ կարևոր է՝ վարորդների համար զգալիորեն կկրճատի Արգավանդից Շիրակ տեղափոխվելու ճանապարհահատվածը: Շատ հպարտ եմ, որ ավարտին ենք հասցնում այս մեծ նախագիծը: Շատ դժվար էր աշխատել քովիդի և պատերազմական իրավիճակի պայմաններում, բայց լավ թիմի ու համատեղ աշխատանքի շնորհիվ կարողացանք հասնել արդյունքի»,- ասում է վերահսկող կազմակերպության անձնակազմի ղեկավար Պիեր Մորիսը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում