Ուկրաինան ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ է խոցել․ Ուկրաինայի ԶՈւ

Ուկրաինայի զինվորականները ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ են խոցել։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

«Միացյալ ուժերի հրամանատարության տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 24-ին, Միացյալ ուժերի օպերացիայի անցկացման շրջանում խոցվել է ՌԴ զինված ուժերի պատկանող 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ», – ասված է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի գրառման մեջ։

Նշվում է նաև, որ Միացյալ ուժերն արժանի հակահարված են տալիս Ռուսաստանի զինված ուժերին, հակառակորդը վնասներ է կրում։

Ավելի վաղ տարածված հաղորդագրության մեջ Ուկրաինային ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել էր երկրի տարբեր հատվածներում ռմբակոծությունների մասին։

«Այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 05:00-ին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսել են ինտենսիվ հրետակոծել արևելքում գտնվող մեր ստորաբաժանումները, ինչպես նաև հրթիռային հարվածներ և ռմբակոծություններ են իրականացրել Բորիսպոլում, Օզեռնիում, Կուլբակինում, Չուգուևում, Կրամատորսկում, Չեռնոբաևկայում գտնվող օդանավակայանների ուղղությամբ, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օբյեկտների վրա։ Միևնույն ժամանակ ագրեսորը սկսել է հրետակոծել Ուկրաինայի տարածքներն ու բնակավայրերը պետական սահմանի երկայնքով», – նշված էր գրառման մեջ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում