ՇՏԱՊ․ Կրեմլը Կիև է ուղարկել զինված խմբավորում՝ Զելենսկիին սպանելու համար

Կիևում ավելի քան 400 «վագներցիներ» են գործում, որոնց Կրեմլը պատվիրել է սպանել նախագահ Վլադիմիր Զելենսկիին և նրա կառավարությանը՝ հիմք ստեղծելով Ռուսաստանի կողմից իշխանության գրավման համար։

Այս մասին գրում է The Times-ը․

««Վագների խումբ» մասնավոր ռազմական ընկերությունը, որը ղեկավարվում է նախագահ Պուտինի ամենամոտ դաշնակիցներից մեկի՝ օլիգարխ Եվգենի Պրիգոժինի կողմից, հինգ շաբաթ առաջ վարձկաններ է ուղարկել Աֆրիկայից՝ Զելենսկիի կառավարությանը սպանելու առաքելությամբ՝ մեծ աշխատավարձի դիմաց»:

Հաղորդվում է, որ նրանց մտադրության մասին լուրերը շաբաթ առավոտյան հասել են Ուկրաինայի կառավարությանը, իսկ մի քանի ժամ անց Կիևը 36-ժամյա պարետային ժամ հայտարարեց՝ քաղաքը ռուս դիվերսանտներից մաքրելու համար: Քաղաքի իշխանությունները զգուշացրել են քաղաքացիներին, որ ցանկացած ոք, ով փողոց դուրս կգա պարետային ժամի ժամանակ, կհամարվի Կրեմլի գործակալ և կարող է լիկվիդացվել։

Նշենք, որ «Վագների խումբը» զինված խմբավորում է, որը ԶԼՄ-ներում հաճախ անվանում են ռուսական մասնավոր ռազմական ընկերություն («ЧВК Вагнера», «ЧВК „Вагнер“»): Ենթադրվում է, որ 2014 թվականից խմբավորումը գործում է Ուկրաինայի տարածքում, այնուհետև Սիրիայում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում