Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ուկրաինական ռազմական փաստաթղթեր, որոնք բաժին են հասել հատուկ գործողության ժամանակ։
Քարտեզները, մարտական օգտագործման պլանները, հրամանները և հրահանգները ուղղակիորեն ցույց են տալիս ՆԱՏՕ–ի կառույցների հետ Ուկրաինայի սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի կողմից Ազգային գվարդիայի պատրաստումը: Հրապարակված փաստաթղթերը պատկանում են Ուկրաինայի ազգային գվարդիայի 4-րդ օպերատիվ բրիգադին, որը գտնվում է Կիևի մարզի Գոստոմել քաղաքում։
Թղթերի մեջ կան քարտեզներ և մարտական օգտագործման պլաններ։ Նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի տրամադրության տակ են եղել հրամաններ, որոնք վկայում են ՆԱՏՕ–ի կառույցների հետ սերտ համագործակցության և ՆԱՏՕ–ի կողմից ազգային գվարդիականների գործնական պատրաստության մասին, հայտնում է «NTV.RU» լրատվականը։
«Տեղեկացնում ենք, որ 2017 թվականի հունվարի 25-ին, ժամը 14:00-17:00-ն Ուկրաինայի Ազգային գվարդիայի 3018 զորամասում կկայանա հանդիպում ՆԱՏՕ–ի շտաբի ներկայացուցիչների հետ՝ բաղկացած Եվրոպայում ՆԱՏՕ–ի բարձր հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Մարտին Ռեմեսի (Սլովակիայի քաղաքացի), ՆԱՏՕ–ի Եվրոպայի բարձրագույն հրամանատարության ռազմական համագործակցության տնօրինության ներկայացուցիչ, գնդապետ Քեյսի Շաֆի (ԱՄՆ քաղաքացի), Ուկրաինայում ՆԱՏՕ–ի կապի գրասենյակի անվտանգության և պաշտպանության ոլորտի բարեփոխումների հարցերով խորհրդական, փոխգնդապետ Յարոսլավ Պատի (Չեխիայի քաղաքացի), Ուկրաինայում ԱՄՆդեսպանատան պաշտպանական համագործակցության գրասենյակի երկկողմ կապի սպա, մայոր Բրայան Ուինզերի (ԱՄՆ քաղաքացի):
Ազգային գվարդիայի 3018 զորամաս այցելելու նպատակն է ծանոթանալ Ուկրաինայի ազգային գվարդիայի 3018 զորամասի գործունեությանը, քննարկել ՆԱՏՕ–ի չափանիշների կիրառումը և զորամասի բարելավմանն օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը»,- ասվում է փաստաթղթում:



