Մահացել է գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը

Երկարատև և ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը։

Նա 76 տարեկան էր։

Ալվարդ Պետրոսյանը ծնվել է 1946 թվականին՝ Երևանում։

Աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում՝ որպես խմբագիր, «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում, եղել է «Սովետական գրականություն» («Նորք») գրականգեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։

1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր՝ ՀՅԴ համամասնական ընտրացուցակով, նաև երկրորդ, երրորդ, չորրորդ գումարումների խորհրդարանի պատգամավոր է եղել։

Արժանացել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալի (1997 թ.), Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչման, (2007), Պատվո շքանշանի (2011), գրական մրցանակների։

Ալվարդ Պետրոսյանը Դիմադրության շարժման գործիչ Բարդուղ Պետրոսյանի դուստրն է, անվանի գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի քույրը, դերասան Լորենց Առուշանյանի կինը, նկարիչ Նարեկ Առուշանյանի մայրը։

Իր կյանքի և գործունեության ընթացքում Ալվարդ Պետրոսյանը մշտապես և ակտիվորեն հետամուտ է եղել Հայաստանի և Արցախի շահերի բարձրաձայնմանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում