Կարևոր…Հայաստանում սով կլինի՞, թե ոչ

Հայաստանում ոչ սով, ոչ հացի դեֆիցիտ չի կարող լինել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Ոչ մի նման բան չի կարող լինել, ինչ անհրաժեշտ է մեր ներքին սպառման համար դրանք բոլորը մատակարարվում են»։

Հարցին, թե գնաճն ի՞նչ պատկեր կստանա, Խաչատրյանն ասաց, որ շուկայում որոշ չափով գնաճ կա, բայց դա չափավոր է։

Հայաստանի բոլոր համապատասխան պետական կառույցների ուշադրության կենտրոնում են պարենային անվտանգության հարցերը: Մոտակա 2-3 ամսվա ընթացքում պարենի որևէ խնդիր չի լինի:

Այս մասին նշեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Կապի մեջ ենք Ռուսաստանում ու այլ երկրներում մեր կոլեգաների հետ: Խուճապի խնդիր չկա, այդքան սնունդ առնելու կարիք չկա, տանելու են տունը փչացնեն: Պարենային անվտանգության բոլոր հարցերով համապատասխան կառույցները զբաղվում են: Բանակցություններ են տարվում, որ կարողանանք ապահովել նաև հետագայում»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ի արտահանման ծավալների մեջ Հայաստանը շատ փոքր տոկոս է կազմում: Գեորգի Ավետիսյանի կարծիքով՝ Հայաստան արտահանված սննդամթերքն իրենց պարենային անվտանգությանը չի վնասի:

Հարցին, թե ՌԴ-ից բացի այլ երկրներից Հայաստան հացահատիկ ներկրելու դեպքում արդյոք գնային փոփոխություն կլինի, Գեորգի Ավետիսյանը նշեց, որ կլինի թանկացում: Մյուս արտադրող երկրները, որոնք հացահատիկի ոլորտում հիմնական խաղացողներն են, հեռու են Հայաստանից: Մեկը Կանադան է, մյուսը Ավստրալիան: Այդ երկրներից ներկրելը թանկ կլինի: Գեորգի Ավետիսյանն ընդգծեց, որ բոլոր հնարավոր ռիսկերը հաշվի են առնվում:

Անդրադառնալով սերմացուների հնարավոր խնդրին՝ Գեորգի Ավետիսյանը նշեց, որ սերմացու ներկրողներից որևէ բողոք չկա, որևէ խնդիր չկա: Ոչ ցորենի, ոչ կարտոֆիլի, ոչ կաղամբի սերմացուի մասով խնդիրներ չկան:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում