Սարսափելի ցավ է…մի ընտանիքից երկու զոհ…ուսինեն պատերազմի ժամանակ կորցրել է ավագ որդուն, ամիսներ անց մահացել է կրտսեր որդին

40-ամյա Լուսինե Իսպիրյանի համար 2020 և 2021 թվականները սևով են նշված։ 2020-ի նոյեմբերի 25-ին՝ պատերազմի ավարտից օրեր անց, շրջափակման մեջ հայտնվելով զոհվել է ավագ որդին, ամիսներ անց՝ 2021-ի փետրվարին, հանկարծակի մահացել է նաև Լուսինեի կրտսեր որդին։

«Ունեցած-չունեցած գանձերս կորցրել եմ։ Ու հիմա ապրում եմ, շնչում, որի համար էլ շատ եմ բարկանում»,- արցունքների միջից ասում է երկու որդիներին կորցրած մայրը։

Լուսինե Իսպիրյանի ավագ որդին՝ 18-ամյա Արտյոմ Մկրտչյանը, ժամկետային զինծառայող էր, ծառայել է Ջրականում, երբ սկսվել է պատերազմը։ Ջրականում հակառակորդի դեմ պայքար մղելուց հետո Արտյոմը տեղափոխվել է Հադրութ, մինչև նոյեմբերի 9-ը պայքարել, որից հետո մարտական ընկերների հետ հայտնվել շրջափակման մեջ։

Մոր խոսքով՝ որդին և մյուս զինակից ընկերները շրջափակման մեջ հայտնվելով սպասել են օգնության։ Նրանց գտնվելու վայրի ու վիճակի մասին իմացել են իշխանության ներկայացուցիչները, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկել տղաներին շրջափակումից դուրս բերելու համար։

«Պատերազմը վերջացել էր, երեխեքը օգնության են սպասել, ամսի 25-ին արդեն 5 կամ 6 հոգով են եղել, հանդիպել են թշնամու՝ 200 հոգու, դիմադրել են, մեծ բոյ են տվել։ Էդ օրը երեխեքին դիպուկահարի կրակոցով խփել են»,- մորմոքով ասում է մայրը։

Լուսինեն որդու զոհվելու մասին իմացել է նոյեմբերի 28-ին, երբ զանգել ու ասել են, որ գնան ու ճանաչեն որդու մարմինը։

«Զանգեցին Հերացուց, Արտյոմիս գրպանից գրություն էին գտել՝ երեխեքի ու պապաների անուններն ու հեռախոսահամարները»,- պատմում է մայրն ու ասում՝ որդու մարմինը դեռ տաք է եղել։

Լուսինեն ասում է՝ որդին այնքան բարի էր, բոլորին մշտապես օգնող ու աջակցող, որ հույս ունեին, թե այդ բարության դիմաց որդին ողջ կգա՝ թեկուզ վիրավոր։

«Տեղյակ չէի՝ ինչի եմ հանդիպելու, Աստծուն խնդրելով սպասում էի․․․»- ասում է ու հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում մայրը։

Արտյոմը սիրել է սպորտը, վոլեյբոլի է հաճախել, սիրողական մրցումների մասնակցել։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Գավառի գյուղատնտեսական քոլեջ՝ ավտոճանապարհային բաժին։ Ունեցել է նաև ընկերուհի ու ընտանիք կազմելու նպատակներ․ «Չհասցրեց, կիսատ մնաց ամեն ինչ»,- ասում է մայրը։

Լուսինեն ասում է՝ որևէ մեկին չի ցանկանա այն ցավը, որ կրում է։ Առավելևս, երբ մի որդու զոհվելուց հետո կորցել է նաև մյուս որդուն։

«Շատերն էս ցավը տեսան, բայց իմ ցավն ուրիշ ա։ Արտյոմիս զոհվելուց մի քանի ամիս հետո՝ փետրվարի 6-ին, 16 տարեկան փոքր որդիս չգիտեմ ինչի, առանց հիվանդության, առանց խնդրի, մահացավ»,- կսկիծով ասում է Լուսինեն։

Լուսինեն պատմում է՝ կրտսեր որդին երկու օր ջերմություն է ունեցել, հիվանդանոցում հետազոտել են, սակայն խնդիր չի հայտնաբերվել, 3 օր անց մահացել է։

«Գուցե եղբոր սթրեսից էր, չգիտեմ»։

Լուսինեն ինքն էլ չի հասկանում, թե ոնց է դիմացել կրկնակի ցավին ու շարունակել ապրել։

Հուզմունքով ասում է․ «Ես չգիտեի, որ հնարավոր ա ապրել, բայց հանուն ամուսնուս, ինքը՝ ինձանից վատ, ես՝ իրանից, ցավը, որ իրեն էդ վիճակում տեսնում էի, էդ ինձ ստիպեց ապրել»,- նշում է Լուսինեն ու ասում, որ շատերն են խորհուրդ տալիս նորից երեխա ունենալ, բայց դեռևս ուժ չի գտնում իր մեջ։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում