Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում գազի մատակարարման դադարեցմանը:
Փաշինյանն ասաց, թե արդեն երեք օր է, ինչ Արցախը կրկին զրկված է գազամատակարարումից ու սա տեղի է ունեցել Ադրբեջանի անմիջական մասնակցությամբ:
«Մարտի 7-ին Արցախին մատակարարվող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում, ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը ու , ի վերջո, ինքը նորոգեց: Արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվելէ փական ու ահա մարտի 18-ին Ադրբեջանը առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը ՙ այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում. մարտի 7-ին վերջին 30 տարվա մեջ աննախադեպ չափերի ձյուն էր տեղացել Արցախում ու օդի ջերմաստիճանն աննախադեպ անկում էր ունեցել, իսկ մարտի 21-ին ջերմաստիճանի անկման ու ձյան տեղումների ռեկորդը գերազանցվել էր ու ձյան տեղումները տեղ-տեղ հասնում էին 1.5 մետրի:
Վարչապետի խոսքովՙ այս պայմաններում էլ Արցախը դիտավորյալ զրկվել էր կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումից:
«Սա բավարար է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Չեմ կասկածոիմ, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես, բայց այս գիտակցմամբ պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ ու համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի: Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու: Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ, այն էՙ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում»,-հայտարարեց Հայաստանի վարչապետը:
