«Շատ ծանր վիճակ է. Պատրաստվել են և առաջ են եկել, կրակոցներ էլ չեն եղել, ինչպես Շուշին գրավեցին՝ առանց կրակոցի». Մետաքսե Հակոբյան

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ըստ Արցախից ստացված լուրերի՝ ադրբեջանցիներն Ասկերանի ուղղությամբ հարձակվել են, մտել են Փառուխ գյուղ ու շարժվում են Քարագլուխ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ իրավիճակը լարված է:

«Այս երկու օրվա մեջ պետք է պատրաստ լինեինք. Հուսով եմ, որ մեր իշխանությունները գիտեին, պատրաստ էին… չեմ կարող վստահ ասել, որովհետև եթե մենք հասկացել էինք, իրենք կհասկանային, որովհետև ադրբեջանական լրատվամիջոցների երկու օրվա պաշտոնական հայտարարությունները հենց դրա մասին էին, երբ ասում էին, թե Հայաստանը չի պահում պայմանավորվածությունները, լեգիտիմացնում էին այն, ինչ պետք է անեին այս երկու օրը, իրենք արեցին այսօր: Փառուխի ուղղությամբ եկել են՝ հատել են շփման գիծը, և ուզում են շարունակել ուղղությունը: Ռուս խաղաղապահները հիմա բանակցում են»,- նշեց նա:

Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ արձագանք չկա. «Այստեղ խոսակցություններ կան, որ գազի դիմաց են տվել Փառուխը, բայց իրականում այդպես չէ, իրենց նպատակները շատ հեռահար են, այնտեղ մի բարձունք կա, դա է նրանց նպատակը, և սարսափելի բան կլինի, եթե իրենք իրենց նպատակին հասնեն: Շատ ծանր վիճակ է: Բնակիչները նշում էին, որ երկու օրվա ադրբեջանական կողմի լռությունը շատ տարօրինակ էր, այնպիսի զգացողություն էր, որ չկա ադրբեջանցի այդ մասում: Պատրաստվել են և առաջ են եկել, կրակոցներ էլ չեն եղել, ինչպես Շուշին գրավեցին՝ առանց կրակոցի: Իրավիճակն անհասկանալի է»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի տեղեկատվական կենտրոնը հաղորդագրություն էր տարածել, որում ասված է․ «Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում