Սերժ Սարգսյանը՝ ադրբեջանցիների ակտիվանալու մասին

Այդ հարցը տվեք խաղաղության ճարտարապետներին, խաղաղության դարաշրջան բացողներին: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան պանթեոնում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում, որ Արցախում վիճակը ծանր է, ադրբեջանցիները գրավել են Փառուխ գյուղը:

Ինչու են հենց հիմա ակտիվացել հարցին էլ արձագանքեց. «Դե արշալույսն է խաղաղության դարաշարջանի: Նույն Փառուխն էլ, նույն Ներքին Հանդն էլ»:

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 25-ին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀԿ–ական գործիչների ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 24-ին Ադրբեջանական զինուժը Արցախում խախտել է շփման գիծը և շարժվել Ասկերանի Փառուխ գյուղի ուղղությամբ։ Խրամորթ գյուղից տարհանվել են կանայք և երեխաները։ Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ խաղաղապահները իրենց հենակետերում են, բանակցությունները շարունակվում են։

Փառուխի գյուղապետ Վարդան Մխիթարյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ադրբեջանցիները տարբեր ուղղություններով, առանց կրակոցի, շղթա կազմած մտել են գյուղ։ Նրանց դիրքերը Փառուխից հեռու են 1 կիլոմետր:

Իսկ արդեն այսօր առավոտյան Արցախի ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները այս գիշեր կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա եւ կիրառել ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։

Ըստ ՊԲ–ի՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի եւ Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տեւած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, եւ հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում