ՇՏԱՊ…ՌԴ ՊՆ-ն Արցախի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ադրբեջանական բանակը մտել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է РИА Новости-ին։

«Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի տարածք և ստեղծել դիտակետ»,- նշել են նախարարությունից։

Բացի այդ, ադրբեջանական զինուժը Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերով չորս հարված է հասցրել Փառուխ բնակավայրի տարածքում գտնվող ԼՂՀ ստորաբաժանումներին։

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ ներկայումս ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերը իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։

«Ադրբեջանական կողմին՝ զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել»,- հավելել են նրանք։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 14 վիրավոր։

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 3 զոհ` ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում