Նոր պատերա՞զմ է լինելու Արցախում

Ե՛վ ռազմական, և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական առումով բավականին բարդ իրավիճակում ենք, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի ագրեսիայի նոր դրսևորումներին։

Պատգամավորը շեշտեց՝ Ադրբեջանը, խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը, բռնազավթել է Արցախի Ասկերանի շրջանի բավականին մեծ հատվածը։

«Մոտավոր գնահատականներով, 1 100 -1 200 հեկտարի մասին է խոսքը, բայց սա չպետք է գնահատել միայն տարածքային առումով, որովհետև Ադրբեջանի նպատակն է, ներխուժում ապահովելով, բարելավել իր դիրքային առավելությունը, նաև վերահսկողություն հաստատել Արցախի՝ այս պահին մեր վերահսկողության տակ գտնվող հատվածների կենսունակության վրա», — ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը իրավիճակին համահունչ որևէ գործողություն չի իրականացրել։

«Քաղաքական հայտարարությունները կամ իրավիճակի վերաբերյալ գնահատականները զսպող, կանխարգելող դերակատարում չունեն, և պետք է արձանագրել, որ Հայաստանն, իր հնարավորությունների սահմաններում, ամբողջությամբ չի ծավալվել և արցախահայության անվտանգությունը չի ապահովել», — ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում