«Մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց տվեց. մեկին տվեց հինգ քանքար, մյուսին` երկու և մի ուրիշին`մեկ. յուրաքանչյուրին ըստ իր կարողու թյան. և գնաց: Ով հինգ առավ, իսկույն գնաց, դրանով գործ արեց և հինգ ևս շահեց:
Նույնպես նա էլ, որ երկուսն առավ, երկու ևս շահեց: Իսկ ով մեկն առավ, գնաց հողը փորեց և իր տիրոջ դրամը թաքցրեց: Շատ ժամանակ անց, այդ ծառաների տերը եկավ և նրանց հետ հաշիվ տեսավ: Ով հինգ քանքար էր առել, մոտենալով` հինգ քանքար ևս տվեց ու ասաց. «Տե´ր, հինգ քանքար տվիր ինձ. արդ, ահավասիկ վրան հինգ քանքար ևս շահեցի»: Իր տերը նրան ասաց. «Ապրե´ս, բարի´ ու հավատարի´մ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, մտի´ր քո տիրոջ ուրախության մեջ»: Ով երկու քանքար էր առել, նա էլ մոտեցավ ու ասաց.
«Տե´ր, ինձ երկու քանքար տվիր, ահավասիկ երկու այլ քանքար ևս, որ դրանց վրա շահեցի»: Իր տերը նրան ասաց. «Ապրե´ս, բարի´ ու հավատարի´մ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, մտի´ր քո տիրոջ ուրախության մեջ»: Մոտեցավ նաև նա, որ մեկ քանքար էր առել, ու ասաց. «Տե´ր, գիտեի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, ուր չես ցանել, վախեցա, գնացի ու թաքցրի քո այս քանքարը հողի մեջ: Արդ, ահավասիկ, քոնը` քե´զ»:
Տերը պատասխան տվեց ու ասաց նրան. «Չա´ր և ծո´ւյլ ծառա … դու պետք է իմ այդ դրամը լումայափոխների մոտ դնեիր, և ես, գալով, տոկոսով միասին պահանջեի այն, ինչ որ իմն է: Արդ, դրանից առե´ք այդ քանքարը և տվե´ք նրան, ով տասը քանքար ունի, քանի որ` ով ունի, նրան պիտի տրվի և ունեցածը պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի: Իսկ այդ անպիտան ծառային հանեցե´ք դուրս, արտաքին խավարը, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում»: