Մենք հանգիստ չենք թողնելու այս իշխանությանը, որը պատճառ դարձավ մեր պարտությանը. Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախ շնորհակալություն հայտնեց 270 հազար քաղաքացիներին, որոնք իրենց քվեն են տվել «Հայաստան» դաշինքին։

«Մենք իսկապես ունենք շատ որակյալ ընտրազանգված, հպարտ եմ, որ արժանացել ենք այդ ընտրազանգվածի վստահությանը»,- ասաց երկրորդ նախագահը։

Անդրադառնալով ընտրություններին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ արդյունքներն անսպասելի են եղել, քանի որ կանխատեսումներն այլ են եղել։ Նա նաև հայտնեց, որ ընտրությունների ընթացքում արձանագրված կեղծիքների և խախտումների մասով դիմել են Սահմանադրական դատարան։

Ինչ վերաբերում է ընտրությունների յուրահատկություններին, ապա ՀՀ երկրորդ նախագահն առանձնացրեց մի քանիսը․

«Իշխանությունները գնացել են ընտրությունների՝ չկատարելով ոչ մի խոստում։ Այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, վիրավորներ և առողջ հասարակությունն այդպիսի արդյունքների համար չպետք է քվեարկեր իշխանությանը՝ վերընտրելու համար, ուղղակի տրամաբանական չէ։ Իշխանությունը չէր խոսում ապագա ծրագրերի մասին։ Եթե նկատել եք՝ անգամ խոսք չկար ժողովրդավարության մասին։ Կարգախոսը եղել է ապագայի մասին, բայց ծրագրերում ապագայի մասին ոչինչ չկար»։

Հաջորդը յուրահատկությունն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, այն է,որ 2018 թվականին մարդիկ քվեարկել են ապագայի նկատմամբ մեծ հույսով, որ կլինի վերելք, որի շահառուները լինելու են հենց իրենք՝ ՀՀ քաղաքացիները։

«Այս ընտրությունները ճիշտ հակառակ պատկերն էր՝ չկար հույս ու հավատ ապագայի նկատմամբ։ Բոլոր հարցումները ցույց են տվել, որ մենք ունենք դեպրեսիվ հասարակություն։ «Հայաստան» դաշինքն էր փորձում հաղորդել հույս։ Մարդիկ չէին կարողանում բացատրել, թե ինչի համար են ընտրում այս իշխանությանը։ Սա եղել է իռացիոնալ ընտրություն և այս ընտրությունը կարիք ունի սոցիոլոգների բացատրության։ Ուղղակի պետք է հասկանանք, թե ի՞նչ է կատարվել, ի՞նչն է դրդել այդ մարդկանց քվեարկել իշխող թիմի համար»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև ասաց, որ դաշինքի ընտրողների և իշխանության դաշինքի ընտրողների միջև կան ակնհայտ տարբերություններ։ Ուստի, ըստ նրա, պետք է ուսումնասիրել, թե ինչ մոտիվացիաներով է ժողովուրդը գնացել ընտրությունների։

Երկրորդ նախագահի խոսքով՝ ներքաղաքական ճգնաժամը լուծելու համար էր արտահերթ ընտրությունները, սակայն դա չծառայեց իր նպատակին։

«Սա նշանակում է, որ մենք չենք ունենալու պատասխաններ, թե ինչու ենք պարտվել, ինչու ենք զոհեր տվել։ Պատասխաններ չենք ստանալու, թե ոնց ենք կորցրել Շուշին և Հադրութը և այն կասկածները, որոնք եղել են՝ Ղարաբաղի դիմաց 5 մլրդ գործարքի մասին, մնալու են մեր հասարակության մոտ իբրև լուրջ կասկածներ։ Այս բոլոր հարցերի պատասխանների բացակայության դեպքում, արդոք կարող ենք ապրել Հայաստանում համերաշխ։ Ոչ և կրկին ոչ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը շեշտեց, որ «Հայաստան» դաշինքն այն քաղաքական ուժն է, որը պայքարելու է այս ճգնաժամը հաղթահարելու համար։

Ռոբերտ Քոչարյանի կանխատեսմամբ՝ արտահերթ ընտրություններ կլինեն մեկ ու կես տարի հետո, քանի որ այս իշխանությունները խնդիրներ ստեղծող են, այլ ոչ թե լուծող։

«Հասունանալու է նոր ընտրությունների պահանջարկը։ Մենք հանգիստ չենք թողնելու այս իշխանությանը, որը պատճառ դարձավ մեր պարտությանը, 5000 զոհերի, Հադրութի ու Շուշիի կորստին։ Իրենց հանգիստ չենք թողնելու, որովհետև իրենք չեն հասկացել այս ամենում իրենց մեղքը։ Մենք ցույց ենք տալու, թե ով է մեղավոր և ինչպես է այս ամեն ինչը կատարվել։ Այս արհավիրքն ինչպես է կախվել մեր երկրի գլխին։ Սա արհեստածին պատերազմ էր և մենք սա ապացուցելու ենք»,- իր խոսքում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքը դարձել է ռադիկալ ընդդիմություն և օգտագործելու է բոլոր հնարավորությունները, որը տալիս է ՀՀ օրենդրությունը։

«Վերադարձնելու ենք ժողովրդի հավատը՝ դեպի խորհրդարանական ընդդիմություն, քանի որ վերջին տարիներին խորհրդարանական ընդդիմությունը բազմաթիվ գործարքների էր գնում իշխանության հետ և այդ հավատի կորուստը մեծ է։ Մենք այսօր այդ հնարավորությունն ունենք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում