Ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է. առաջիկայում կարող է նաև հանգեցնել իշխանափոխության

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է. ակնհայտ է, որ ժողովրդական ալիքն օրավուր մեծանում է և առաջիկայում տրամաբանորեն կարող է նաև հանգեցնել իշխանափոխության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիր Միքայել Համբարձումյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Օրինաչափ է, որ Հայաստանում ծավալվող այս իրադարձություններին ակտիվ հետևում և անդրադառնում է նաև ադրբեջանական մամուլը։ Իրենց հրապարակումներում նրանք Հայաստանի ընդդիմությանը ներկայացնում են որպես «ռևանշիստներ», էականորեն նվազեցնում են տարաբնույթ ակցիաների մասնակիցների թիվը, այդ ակցիաների ազդեցությունն ու կարևորությունը, քննադատում և հեգնում են կազմակերպիչներին, նշում, որ ցուցարարների նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, որպեսզի այդ կերպ վերջինիս թույլ չտան խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

Ամենայն մանրամասնությամբ վերլուծելով ու նկարագրելով Երևանում տեղի ունեցող իրադարձությունները՝ լրագրողները հանգում են հետևության, որ Հայաստանի բնակչության զգալի մասը չի աջակցում «ռևանշիստներին» և, իբր, այս ամենից «փողոցային հեղափոխության նույնիսկ հոտ չի գալիս»։

Ադրբեջանական իշխանությունների տոտալ վերահսկողության տակ գտնվող մամուլի նման հակակրանքը Հայաստանի ընդդիմության և, հակառակը, զուսպ հանդուրժողականությունն իշխանության հանդեպ առնվազն տարակուսելի է և հարցերի տեղիք է տալիս:

Այս իմաստով հետաքրքրական է նաև ռուսական դաշնային լրատվամիջոցների անտարբերությունը, լռությունը հայաստանյան իրադարձությունների նկատմամբ։

Համոզմունքս ամրապնդվում է, որ մեր հանրությանը հուզող մտահոգությունները և կասկածները վաղ թե ուշ պետք է անաչառ քննության առարկա դառնան, ստուգվեն ու փարատվեն»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: