Հռոմ․ Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ)


Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Մուշեղ Մկրտչյանը։ 79 կգ քաշային կարգի եզրափակիչում նա գոտեմարտեց վրացի Օտարի Ադեիշվիլիի հետ եւ հաղթեց 9։4 հաշվով։

Մուշեղ Մկրտչյանը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթել էր ռումինացի Գիգի Մարիան Սուբտիրիցային, քառորդ եզրափակիչում 10։0 հաշվով՝ իտալացի Ռաֆայել Մատրուլոյին։ Կիսաեզրափակիչում նա 3։1 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Սաբուհի Ամիրասլանովին։

70 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել էր Հայկ Պապիկյանը, որը եզրափակիչում 3։2 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովի նկատմամբ։

Հայկ Պապիկյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 10։0 հաշվով հաղթելով լատվիացի Վիլիամս Լուտկեւիչսին։ Քառորդ եզրափակիչում նա 10։0 հաշվով հաղթել էր մոլդովացի Պավել Անդրուսկային։ Կիսաեզրափակիչում 12։2 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Մարցել Նագիին: