«Ես լuում էի պատերшզմի ձայնը, կրակnցները, բայց ինքը չէր անջատnւմ, անընդհատ կրկնnւմ էր՝ խոuիր». Կարմիր շnւկայում զnհված Ռուuտամ Պողnսյանն անգամ հարuանիքի oրն էր որnշել

Aysor.am-ը գրում է. ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍԿՍՎԵԼ. սիրտ մաշող բnթը երիտասարդ աղջիկն իմացավ սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ աչքերը բացելուց հետո սովորույթի համաձայն ձեռքը վերցրեց հեռախոսն ու մուտք գnրծեց սոցիալական ցանց: Ռուստամի նամակին էր սպասում, 1 շաբաթ էր՝ կապի դուրս չէր եկել…

«Օրեր առաջ գրել էր, որ վերակարգի մեջ են ու չի կարողանա գրել, չանհանգստանամ: Հավանաբար, իրենք նախապեu իմացել են, որ պատերազմ պետք է լինի, բայց մեզ ոչինչ չէր ասում: Պատերազմի մասին լուրը կարդալուց հետո ամբողջ օրը զանգել եմ իրեն, սակայն անհասանելի էր», — Aysor.am-ի հետ զրույցում, ճիգեր գործադրելով, անմահացած սիրելիի՝ Ռուստամ Պողոսյանի մասին է պատմում պարուհի Մերի Չիբուխչյանը:

Կեսգիշերն անց եկավ ցանկալի նամակը. «Ամեն ինչ լավ է, ես լավ եմ, ապահով եմ, կզանգեմ», — գրել էր նա:

Ռուստամ Պողոսյանը զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 28-ին, ծառայում էր Մարտունի 3-ում: 44 օրյա կյանքի ու մահվան կռվի մեջ Ռուստամն ապրեց 34 օր, եղավ գրեթե բոլոր թեժ կետերում, զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Կարմիր Շուկայի տարածքում: Զոհվելուց ժամեր առաջ կրկին Մերիին էր զանգել:

«Այդ գիշեր շատ երկար զրուցեցինք: Ես լսում էի պատերազմի ձայնը, կրակոցները… բայց ինքը չէր անջատում, անընդհատ կրկնում էր՝ խոսիր, ամեն ինչ նորմալ է, ուղղակի տղերքը «գործ» են անում: Հասկանում էի, որ պատերազմ է ընթանում, հանգիստ չի, բայց ինքը, գուցեև բնազդաբար, չէր ուզում հեռախոսն անջատել», — վերհիշում է զրուցակիցս:

Չարաբաստիկ հոկտեմբերի 28-ից օրեր առաջ Մերիի ինքնազգացողությունը վատացել է. սկսել է ջերմել, բայց հիվանդ չի եղել. ու այդպես 4 օր: Շատերին թվում էր, թե Covid-ը նրան էլ չշրջանցեց, բայց ինքը զգում էր՝ առողջ է, ուղղակի սիրտն է ցավում…

Ռուստամն ու իր մանկության ընկերը միասին էին ծառայում, Մերին վերջինիս հետ ծանրոց ու նամակ էր ուղարկել, բայց ծանրոցը չհասցրեց հասցեատիրոջը հասնել։

«Նրա զոհվելուց ժամեր առաջ էլ սարսափելի թույլ էի, չէի հասկանում՝ ինչ է հետս կատարվում: Բոլորն արդեն գիտեին, որ Ռուստամը չկա, բայց ինձանից գաղտնի էին պահում: Ընկերներս ամեն ինչ արել էին, որ համացանցից չիմանամ բոթը, մինչև կհասկանան՝ ո՞նց ինձ հայտնեն… Ասացին, թե վիրավոր է: Իմացածս ճշտելու համար զանգեցի իր հետ ծառայող մանկության ընկերոջը, բայց նա չթաքցրեց. «չէ, վիրավոր չի…»», — հեկեկոցը չկարողանալով զսպել՝ խոսքը կիսատ թողեց Մերին:

Ծանր լռությունը մոտ մեկ րոպե երկուսս էլ չէինք կարողանում խախտել, ես հարց չէի կարող տալ, նա՝ պատասխանել:

«Վերջին օրը զինակից ընկերներին ասել է՝ «ամեն ինչի պատրաստ եմ, բացի Աստծո հետ հանդիպումից»… Ինքը շատ հավատքով էր ու հավատում էր այդ հանդիպման իսկությանը, երբեք ու ոչ մի վայրկյան չշեղվեց իր հավատքից: Մենք շատ նպատակներ ու երազանքներ ունեինք», — տևական դադարից հետո արցունքն աչքերին շարունակում է երիտասարդ աղջիկն ու հիշում՝ Ռուստամի հավատն ու լավատեսությունն իրեն ուժ ու վստահություն էին տալիս, պատերազմում անցկացրած 34 օրերի ընթացքում սիրելին զանգելիս միայն ու միայն իրենց ապագայից էր խոսում:

Մերին ու Ռուստամը վերջին անգամ հանդիպել են 2019 թվականի դեկտեմբերին, երբ արձակուրդ էր եկել: Հիմա հիշում ու հասկանում է, թե ինչի էր հանդիպման ամբողջ ընթացքում արտասվում. Ռուստամը սիրելիի արտասվելու պատճառը չէր հասկանում, բայց աղջիկը գուցեև կանխազգում էր սարսափելին…

Որպես սիրո ու հավատարմության նշան՝ հասցրել էր Մերիին արծաթյա մատանի նվիրել, զորամասում էլ հայտարարել էր՝ իրենք նշանված են:

«Երբեք չէր խոսում այն մասին, որ կարող է ինքը չվերադառնալ: Ասում էր՝ շուտով պատերազմը կվերջանա, կգամ, ու մեր երազանքներն իրականություն կդարձնենք: Մեր խոսակցությունների հիմնական թեման մեր ապագան էր: Միշտ կրկնում էր. «Դու քեզ լավ նայի, չմրսես, չհիվանդանաս, հաց կուտես՝ մինչև գամ»: Իր համար էլ վստահեցնում էր՝ ամեն ինչ լավ է, ինքն ապահով է ու անպայման տուն է վերադառնալու: 34 օր գիշեր-ցերեկ աղոթել եմ, Աստվածաշունչը «մաշվել» էր ձեռքերիս մեջ: Աստծուն խնդրում էի իրեն պահի, ասում էի՝ «դու գիտես, ես իրենից բացի ոչ մեկ չունեմ ու առանց իրա չեմ կարող, չեմ դիմանա…»… բայց չպահեց։ Մինչ պատերազմը որոշել էինք, որ աշնանը արձակուրդ կգա, պաշտոնապես կնշանադրվենք: Պատերազմի ընթացքում էլ անընդհատ ասում էր՝ «դիմացի, հեսա պատերազմը կավարտվի, կգամ ու ամեն ինչ լավ կլինի»», — հիշում է զրուցակիցս:

Արդեն 8 ամիս Մերին Ռուստամին չի տեսնում, նրա հետ չի խոսում, նամակ չի ստանում: Ակտիվ, կենսուրախ, գունեղ կյանքը սիրող աղջիկը չգիտի՝ ոնց է ապրում. ո՛չ ուտում է, ո՛չ էլ քնում, ուղղակի պարտավորված գոյությունն է պահում: Նկատում է՝ դրա համար բոլորն իրեն մեղադրում են, բայց ինքը չի կարողանում հոգեպես տրամադրվել ու գունավոր զգեստներ հագնել:

«Ներսս, աչքերս, հոգիս սևացել են, ես էս ցավի դեմ անզոր եմ», — չդադարելով հեկեկոցն՝ արդարանում է նա ու շարունակում.

«Ռուստամի զոհվելուց հետո 2 ամիս տանից դուրս չեմ եկել, ոչ մեկի հետ չեմ խոսել, չեմ շփվել: Բայց մեկ օր արթնացա ու ինքս ինձ խոստացա՝ իր կիսատ թողած երազանքները ես պետք է իրականություն դարձնեմ, մեր արվեստի դպրոցը պետք է հիմնեմ… Գուցե չհավատաք, բայց իր ներկայությունն իմ կյանքում ես ամեն օր զգում եմ, հաճախ է երազներումս գալիս ու ուղղություն ցույց տալիս: Օգնում է, որ ես դիմանամ այս անտանելի ցավին… Ինձ շատերն են մեղադրում, որ այսպես եմ ապրում: Չգիտեմ, եթե երբևէ ստացվի, որ կյանքս որևէ ձև դասավորեմ, միևնույն է՝ առաջվանը չեմ լինի հաստատ»:

Մերիի հետ հավասար իմ կոկորդն էլ է սեղմվում: «Ո՞նց եք ծանոթացել»՝ ակամա, մի բան ասելու, թեման փոքր-ինչ շեղելու համար հարցնում եմ ես ու նկատում՝ աղջկա ձայնի մեջ ժպիտ է հայտնվում. կարոտած ժպիտ…

Ռուստամի և Մերիի տարիքային տարբերությունը մեկ տարի է: 2021 թվականի օգոստոսի 13-ին Մերին կդառնա 25 տարեկան, դեռ նախորդ տարի Ռուստամը պլանավորել էր՝ սիրելիի համար մեծ ծնունդ է կազմակերպելու, այնպիսի 25-ամյակ է անելու, այնպիսի անակնկալ, որն ամբողջ կյանքում չի մոռանալու… Հերոսը ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 5-ին, զոհվել է 25 ամյակից 1 շաբաթ առաջ: Մերին շատ լավ հիշում է իրենց ծանոթության օրը՝ 2016 թվական, մարտի 26: Իջևանի եկեղեցում Սուրբ Հարության պատարագ էր, այդտեղ էր նաև ճեմարանական Ռուստամը՝ երկու ընկերների հետ:

«Այն ժամանակ հատկապես Իջևանում սև կապաներով երիտասարդ տղաների տեսնելն այնքան էլ սովորական բան չէր: Երբ հայացքս ընկավ Ռուստամի վրա, մտածեցի. «վայ, էս տղան էս ի՜նչ վախենալու է»… Պատարագից հետո սրբազանի (Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան) առաջադրանքով պետք է գնայինք Սարիգյուղ, ու ավտոմեքենայի մեջ պատահաբար հայտնվեցի հենց Ռուստամի կողքին: Մեկ էլ տեսնեմ ֆեյսբուքի էջիս Ռուստամ Պողոսյանի կողմից ընկերանալու հայտ ու նամակ է եկել. «Բարև Ձեզ, ո՞նց եք…»… «բեյջիս» վրա կարդացել էր անուն-ազգանունս ու գտել: Այդ պահին, իհարկե, ջղայնացել էի, ինքս ինձ «ուտում» էի, մտածում՝ կողքին նստած եմ, ձե՞ռք է առնում… Հետո ծոագրպանից հանեց ձեռագործ զատիկ ու ինձ նվիրեց, հենց այդտեղ էլ միասին նկարվեցինք, ու դա դարձավ մեր համատեղ առաջին նկարը», — արցունքների միջից ծիծաղելով ու մի ակնթարթ իրականությունից կտվելով՝ մտաբերում ու ոգևորությամբ պատմում է երիտասարդ աղջիկը՝ ցույց տալով նաև հիշատակած լուսանկարը:

Դրանից մեկ շաբաթ անց երիտասարդները հանդիպեցին Մայր Աթոռում՝ Մյուռոնօրհնեքի արարողության ժամանակ: Այդպես էլ հիմք դրվեց շուրջ 5 տարի տևած ընկերությանը:

«Մեկ զանգում էր, մեկ՝ գրում, համալսարան էր գալիս: Երբ առաջին անգամ իր զգացմունքների մասին խոսեց, վախեցա: Արդարանում էի, որ հոգևորականի հետ չեմ կարողանա ապրել, իմ պարը, իմ Իջևանը չեմ թողնի… Բայց 2 ամիս անց հասկացա՝ առանց պար ու Տավուշ կարող եմ ապրել, առանց Ռուստամ՝ երբեք: Ես հեշտ կյանք չեմ ունեցել, ու անցած 5 տարիները իմ լուսավոր ու երջանիկ տարիներն էին: Հիմա նորից կյանքս դժվար փուլ մտավ, ու, գուցե, արդեն վերջնական: Նա ինձ չէր թողնում կոտրվել, թևեր էր տալիս, մեջքս «պինդ» էր իրենով: Ընկերներս միշտ ասում էին՝ էդ չափի սեր գոյություն չունի, էս ինչքա՞ եք դուք իրար սիրում», — նշում է նա:

Հետաքրքրվում եմ՝ ո՞րն էր ամենակարևոր հատկանիշը, որ գրավեց աղջկան: «Հասկանալու կարողությունը»՝ խոստովանեց Մերին ու շեշտեց՝ 19-20 տարեկանից միմյանց հետ շփվել են ու 5 տարվա մեջ 5 անգամ չեն կռվել: Ցանկացած խնդրի դեպքում իրար հետ նստում էին, քննարկում ու ընդհանուր որոշում կայացնում:

Նախկին ճեմարանական, սարկավագ Ռուստամ Պողոսյանը ուսումը կիսատ էր թողել: Վերադարձից հետո պատրաստվում էր կրկին հոգևորականի ուղին բռնել: Մերին էլ արդեն համակերպվել էր այդ մտքի հետ, ոգևորությամբ պատրաստվում էր ստանձնել երեցկնոջ կարգավիճակը: Մինչ պատերազմն` Իջևանում իր պարի խմբերը կամաց-կամաց փակեց. Ռուստամի վերադարձին քիչ էր մնացել, ընտանիք էր կազմելու ու տեղափոխվելու ապագա ամուսնու քաղաք՝ Էջմիածին…

«Նույնիսկ մեր հարսանիքի օրն էր որոշել՝ 22.02.2022… Պատկերացնում էինք, որ մեր համայնքը կունենանք, ես պարում էի, ինքը` նվագում: երաժշտական դպրոց կստեղծեինք, մանկական կենտրոններ… Չգիտեմ, մենք միմյանց փոխլրացնում էինք, իրար շատ էինք նման: Իրենից հետո ուր գնում եմ, բոլորն ասում են, որ Ռուստամին շատ նման եմ, ու դա ինձ համար հպարտություն է», — ընդգծում է զրուցակիցս:

Մերին գուցեև իր պարային խմբակները բացի, որպես պարուսույց՝ երեխաների հետ աշխատի, մասնագիտական իր փորձը փոխանցի, բայց որպես մենապարուհի իրեն բեմում էլ չի տեսնում: Իր կյանքի դեռ մեկ քառորդն էլ չապրած երիտասարդ աղջիկը չի պատկերացնում ապագան, չի դադարում կրկնել՝ այնքան կապված էին միմյանց, որ իրարից բացի մեկ ուրիշի հետ իրենց կյանքը չեն պատկերացրել երբեք:

Հիմա Էջմիածնում հաճախ է լինում՝ Ռուստամի ծնողներին է տեսնում, ընտանեկան գերեզմանատանը գտնվող նրա շիրիմին այցելում ու այդպես մխիթարվում: Նրա հետ խոսելու շատ բան ունի, պատմելու ու բողոքելու շատ բան ունի.

«Ինքը մեկ անգամ էր մեր տուն եկել, ես իր ընտանիքի հետ չէի հասցրել ծանոթանալ, ծանոթացել եմ հոգեհանգստի օրը: Իրենից փոքր մեկ քույր ունի, հայր, մայր, տատիկ, հրաշալի մարդիկ են… Ես գրեթե ամեն շաբաթ իրեն այցելում եմ, խոսում հետը, պատմում»…

2020 թվականի Արցախյան պատերազմը որոշակի աստիճանի տակ շատերի կյանքը փոխեց, Մերիի դեպքում այդ փոփոխությունը 180 աստիճան է:

«Ես կես եմ», — հավատացնում է 25-ը դեռ չբոլորած աղջիկն ու հիմնավորում.

«Հիմա ես ապրում եմ միայն այսօրով, ո՛չ նպատակներ ունեմ, ո՛չ էլ երազանքներ, ապագայից սպասում չունեմ, իմ վաղվա օրվա պատկերացումը չունեմ… Ես ցավից չեմ չարացել, ոչ ոք մեղավոր չի, որ ինձ հետ այսպիսի բան է եղել, ուղղակի սիրտս պատրաստ չի ապրել ու ծիծաղել»։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում