«Հիշում եմ՝ երբ այդտեղ էի աշխшտում…». Հրաչյա Հակոբյանը վրե՞ժ է լուծում թատրոնից

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կարծիքով՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ միավորվելու վերաբերյալ կամերայինցիների եւ մնացածի դժգոհություններն անընդունելի են:

Մասնագիտությամբ դերասան պատգամավորը 1 տարի առիթ է ունեցել աշխատել Պետական կամերային երաժշտական թատրոնում: Նա հայտնեց, որ թատրոնների միությունը դրական փոփոխություններ կբերի ոլորտում։

«Երկու թատրոններն էլ երաժշտական են, նրանց ոճերն էլ գրեթե նույնն են, այնպես որ խնդիր չեմ տեսնում»:

Ըստ կամերայինցիների՝ ԿԳՄՍ նախարարությունն իրենց թատրոնը համարում է գրեթե մեռած: Նույն կարծիքին է նաև Հրաչյա ՀԱկոբյանը։

«Ես դա հասկացել եմ դեռ այն ժամանակ, երբ առիթ ունեցա աշխատել այդ թատրոնում: Հիշում եմ՝ բեմադրվում էր «Մոխրոտը» ներկայացումը, որի համար մեզ գրեթե 1 տարի պահանջվեց: Երեւի մի 10 ամիս այնտեղ այդ ներկայացման փորձերն էին ընթանում, ես եւս ընդգրկված էի այդ ներկայացման մեջ ու զարմացած էի, թե ինչու է ամեն ինչ այսքան ձգձգվում: Չեմ կարծում, թե դա այն ներկայացումն էր, որ ահռելի մեծ աշխատանք էր պահանջում, որի փորձերն այդքան երկար պիտի տեւեն: Ներկայացումը շատ թեթեւ էր եւ կարելի էր առավելագույնը 3-4 ամսում ավարտել»,-մանրամասնեց Հակոբյանը, նշելով, որ իր պատմածը, եթե չի սխալվում, եղել է 2009 թվականին:

Հարցին, թե թատրոնից դուրս գալուց հետո հետաքրքրվե՞լ է՝ այնտեղ ինչ ներկայացումներ են բեմադրվել կամ ինչ աշխատանք է առհասարակ արվել, Հակոբյանն ասաց.

«Դուրս գшլուց հետո շատ ծանրաբեռնված եմ եղել, ժամանակ չեմ ունեցել հետաքրքրվել՝ արդյոք թատրոնը պրոգրես ունեցել է, թե չէ: Բայց կարծում եմ՝ եթե էական առաջխաղացում լիներ, նախ, ես կիմանայի այդ մասին, հետո ԿԳՄՍ նախարարությունը նման նախագիծ չէր բերի եւ առաջարկի: Ի վերջո նման նախագիծ բերելն ինքնանպատակ չէ: Ռեսուրսները պետք է ճիշտ գնահատվի եւ տնօրինիվի»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում