Երևանում BMW-ում գտնվող 3 երիտասարդներից մեկը չհասցրեց պարեկներից թաքցնել իր մոտ եղած «կրիստալ» տեսակի թմրամիջոցը

Երեկ՝ ապրիլի 2-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները հերթական անգամ թմրամիջոցի հայտնաբերման դեպք են բացահայտել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Դավիթ Քարինյանն ու Ստեփան Գրիգորյանը ժամը 06։00-ի սահմաններում ծառայություն կատարելու ժամանակ Մ․ Խորենացի 138 հասցեի մոտ կանգնեցրել են BMW մակնիշի ավտոմեքենան, որի միջից 3 երիտասարդ տղաներ իջել են, ու պարեկները նկատել են, որ նրանցից մեկը գրպանից կասկածելի իր է գցել։

Տեղում պարզվել է, որ այն թմրանյութի նմանվող զանգված է։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Քննիչի կողմից տեղում իրականացվել է դեպքի վայրի զննություն։ Պարզվել է, որ հայտնաբերվածը 0․59 գրամ, թմրանյութին նմանվող բյուրեղանման զանգված է։

Պարեկները նշված երիտասարդներին ձերբակալում և տեղափոխում են Ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ ներկայացնում են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Երևանի բնակիչներ 29-ամյա Արման Մ․-ն, 26-ամյա Դավիթ Վ․-ն և 23-ամյա Սեյրան Գ․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից մեկը քննչական բաժնում հայտարարել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «կրիստալ» տեսակի թմրամիջոց, և այն ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով իր անձնական օգտագործման համար։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, թե բերման ենթարկվածներից ում մոտ է եղել «կրիստալ» տեսակի թմրամիջոցը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում