Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի սահմանը հատած երկրորդ ադրբեջանցին հայտնաբերվել է Սյունիքի մարզում։ Այս պահին նրան տանում են ոստիկանության Կապանի բաժին։
Նշենք, որ գիշերվանից էին սկսել որոնողական աշխատանքները, նույնիսկ ստուգում էին անտառային կածանները։ Ըստ մեր տեղեկությունների նրան ճանաչել ու բռնել է Կապանի անտառապահներից մեկը։ Ադրբեջանցու մոտ հայտնաբերվել է պտուտակահան, նոթատետր եւ փամփուշտներ։ Նույն աղբյուրների համաձայն, որոնողական աշխատանքներին մասնակցել է նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որն, ըստ ականատեսների, ողջ գիշերը, Կապանի տարածաշրջանի անտառներում էր՝ Կապանի անտառտնտեսության աշխատակիցների հետ միասին։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանի հետ կառավարության հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով»։

Hayastan.news-ը երեկ հայտնել էր, Սյունիքում սպանության դեպք է գրանցվել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնաբերվել էր Քաջարանի պղնձամոլիբդենայինի աշխատակցի դին, ինչն այսօր Քննչական կոմիտեն հաստատեց։ Երեկ Hayastan.news-ի աղբյուրը հայտնել էր, որ հիմնավոր կասկածներ ու խոսակցություններ կան, որ սպանություն կատարողն ադրբեջանցի է։ Քիչ առաջ, աղբյուրի փոխանցմամբ, սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցին։

Իսկ Նաիրա Զոհրաբյանը գրում է. Քիչ առաջ կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն։ Երեկ երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենային կրակոցով սպանվել էր պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը, եւ ըստ որոշ տեղեկությունների՝ սպանություն կատարողն այն ադրբեջանցիներից մեկն էր, ով ներխուժել էլ Սիսիան՝ քաղաքացու տուն ու դրան չէին հասցրել բռնել։

Ըստ տեղեկությունների՝ նրա ձեռքին եղել է Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը։ Կապանցիները ադրբեջանցուն հանձնել են իրավապահներին։ Խաղաղության դարաշրջանի բացումը շարունակվում է։
