«Պարսից ծոց — Սև ծով» նախաձեռնության համաձայնագիրը մոտ ապագայում, հուսամ, կստորագրվի. Արարատ Միրզոյան

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Դա վերաբերում է նաև «Հյուսիս-հարավ» միջանցքին։ Ե՛վ Հայաստանը, և՛ Հնդկաստանը հետաքրքրված են այս նախաձեռնության կատարելագործման և կյանքի կոչման մեջ։ Քննարկել ենք նաև Չաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հնդկաստանի և Հայաստանի միջև ճանապարհի ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև՝ արդեն Հայաստանից դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան և, գուցե նաև, դեպի Սև ծով, դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը», — ասաց Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, թե այս հարցը նախարարների օրակարգի կարևոր բաղկացուցիչն է։

«Ինչ վերաբերում է «Պարսից ծոց — Սև ծով» նախաձեռնությանը, ապա կարող եմ ամենաթարմ տեղեկությունն ասել, իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել այս հարցը, իրադարձությունները բավական դինամիկ են զարգանում և հուսամ՝ մոտ ապագայում արդեն կունենանք ստորագրված համաձայնություն այդ փաստաթղթի շուրջ», — հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստանում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում